ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով
1 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել ընդդիմադիր պատգամավորների հետ լրացուցիչ քննարկել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին առնչվող հարցերն ու մտահոգությունները՝ թե՛ բաց, թե՛ փակ ձևաչափով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում Միրզոյանն արձանագրել է, որ բուն քննարկվող հարցի վերաբերյալ առանձնապես բանավեճ տեղի չի ունեցել, իսկ քննարկման հիմնական մասը վերաբերել է նախորդ հարցին՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրին։
Նախարարը դրական է գնահատել Խաղաղության խորհրդի կանոնադրության վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության արտահայտած դիրքորոշումը և կրկին կոչ արել կողմ դիրքորոշում որդեգրել նաև ԹՐԻՓՓ-ի շրջանակային համաձայնագրի վավերացման հարցում։
«Եթե դեռ հարցեր կան, եթե դեռ մտահոգություններ կան, ինչպես երեկ ասացի, և՛ բաց, և՛ փակ ռեժիմով պատրաստ եմ ձեր ասած ժամկետում գալ քննարկման»,- հայտարարել է նա։