2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Նորին Մեծությունը շրջայց է կատարել վանական համալիրում, ծանոթացել միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանը։ Թագուհին ունկնդրել է հոգևոր երաժշտություն՝ հաղորդակից դառնալով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությանը։
«Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) է շնորհվել։ Գեղարդի Վանքը և Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:
Հիշեցնենք, որ Իսպանիայի թագուհի Սոֆիայի այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների։