3 րոպեի ընթերցում
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների միջոցով իրականացված հարձակումների մասին։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի տվյալներով՝ մայրաքաղաքի Օբոլոնսկի շրջանում վնասվել է առանձնատուն, իսկ Ռուսաստանի Ռոստովի մարզում հաղորդվել է տրանսպորտային ու էներգետիկ ենթակառուցվածքների վնասման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի հաղորդմամբ՝ ռուսական հարձակման հետևանքով Օբոլոնսկի շրջանում տուժել է երկու մարդ։
«Օբոլոնսկի շրջանում հարվածի հետևանքով վնասվել է մասնավոր բնակելի տուն։ Տուժել է երկու մարդ»,– հայտնել է վարչակազմը։
Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հաղորդագրությունը փոխանցող «ԱրմիաԻնֆորմ»-ի տվյալներով՝ գիշերային հարձակման ընթացքում կիրառվել է 126 անօդաչու։ Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ժամը 08։00-ի դրությամբ խոցվել կամ ճնշվել էր 101 սարք, այդ թվում՝ 50 ռեակտիվ անօդաչու։
«Արձանագրվել են օդային հարձակման միջոցների հարվածներ 14 վայրում, ինչպես նաև խոցված սարքերի կամ դրանց բեկորների անկում՝ հինգ վայրում»,– նշված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 616 ուկրաինական անօդաչու։ Գերատեսչության հաղորդմամբ՝ դրանք խոցվել են մի շարք մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի օդային տարածքներում։
Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տարածաշրջանում գիշերվա ընթացքում ոչնչացվել կամ ճնշվել է ավելի քան 80 անօդաչու։ Նրա տեղեկացմամբ՝ Դոնի Ռոստովում բեկորներն ընկել են «Ռոստովպասաժիրտրանս» ընկերության մասնաճյուղերից մեկի տարածքում՝ վնասելով տեխնիկական սպասարկման շենքի տանիքը, ապակիներն ու 21 ավտոբուս։ Նահանգապետի փոխանցմամբ՝ այդ դեպքով տուժածներ և հրդեհ չեն արձանագրվել։
«Մյասնիկովսկի շրջանի Կալինին բնակավայրում անօդաչուի բեկորներից վնասվել է տրանսֆորմատորային ենթակայանը։ Հոսանքազրկվել է 172 առանձնատուն»,– հայտնել է Սլյուսարը՝ հավելելով, որ իրականացվում են էլեկտրամատակարարման վերականգնման աշխատանքներ։