Մահացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին
2 րոպեի ընթերցում

Ճապոնացի գրող, սցենարիստ և կինոռեժիսոր Ռյու Մուրակամին մահացել է 74 տարեկանում։ Նա կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ իր տանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 23-ին համատեղ հաղորդագրություն են տարածել գրողի գրասենյակը և «Գենտոշա» հրատարակչությունը։
«Գրող Ռյու Մուրակամին մահացել է 2026 թվականի հոկտեմբերի 17-ին՝ իր տանը։ Նա 74 տարեկան էր»,– ասված է հաղորդագրությունում։
Հուղարկավորությունն արդեն տեղի է ունեցել ընտանեկան շրջանակում։ Մահվան պատճառը հաղորդագրությունում չի նշվում։
Մուրակամին ծնվել է 1952 թվականին՝ Ճապոնիայի Նագասակի պրեֆեկտուրայի Սասեբո քաղաքում։ Գրական ճանաչում է ձեռք բերել 1976 թվականին՝ ուսանողական տարիներին գրած «Գրեթե թափանցիկ կապույտ» վեպով, որն արժանացել է գրական նորեկների «Գունձո» և Ակուտագավայի մրցանակներին։ ԱՄՆ ռազմաբազայի հարևանությամբ ապրող երիտասարդների մասին պատմող գրքի վաճառքը հասել է շուրջ 3,5 միլիոն օրինակի։
Նրա հայտնի ստեղծագործություններից են նաև «Coin Locker Babies», «In the Miso Soup», «Audition» և «Piercing» վեպերը։ Մուրակամիի արձակում առանցքային տեղ են զբաղեցնում սոցիալական օտարումը, բռնությունն ու ժամանակակից հասարակության հակասությունները։ Նրա «Audition» վեպի հիման վրա ռեժիսոր Տակասի Միիկեն 1999 թվականին նկարահանել է համանուն ֆիլմը։
Մուրակամին զբաղվել է նաև կինոռեժիսուրայով և շուրջ 20 տարի վարել «Կամբրիական պալատ» տնտեսական հարցազրույցների հեռուստահաղորդումը։ Հրատարակչության տեղեկացմամբ՝ նրա վերջին վեպը «YouTuber»-ն է՝ լույս տեսած 2023 թվականին։