2 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակաիրանական հռետորաբանությանը՝ նշելով, որ Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։
«Նախորդ անգամ, երբ ցանկանում էիք «ավարտին հասցնել գործը», Իրանն ավելի հզորացավ։ Ցանկանո՞ւմ եք կրկին փորձել բախտը։ Խնդրեմ։ Բայց զգո՛ւյշ եղեք. մենք էլ ունենք չավարտված գործեր», - նշել է Արաղչին։
Նրա խոսքով՝ Նեթանյահուն ԱՄՆ-ին ներքաշում է հերթական պատերազմի մեջ «բանտից խուսափելու համար»՝ անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կունենա դա Իսրայելի և առավել ևս՝ ԱՄՆ նախագահի համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Իսրայելի վարչապետ Նեթանյահուին վերջինիս վերընտրվելու հարցում։ Նա բարձր է գնահատել Նեթանյահուի առաջնորդությունն Իրանի հետ հարաբերություններում՝ պնդելով, որ Իսրայելին ղեկավարի պաշտոնում անհրաժեշտ է հենց նրա մակարդակի գործիչ։
X սոցիալական հարթակում հրապարակված իր տեսաուղերձում Նեթանյահուն գովեստի խոսքեր է ուղղել ԱՄՆ նախագահին՝ Թեհրանում գործող, իր բնորոշմամբ, «այս ստոր, մարդասպան բռնապետության» կողմից հնչող սպառնալիքներին դիմակայելու համար՝ ընդգծելով Թրամփի անսասան դիրքորոշումը:
«Շնորհակալություն նախագահ Թրամփին՝ ընտրություններում ցուցաբերած հսկայական աջակցության համար։ Մենք միասին մեծ գործեր ենք արել, և միասին առաջիկա երկու տարիների ընթացքում կավարտենք մեր առաքելությունը՝ վերացնելով Իրանի միջուկային ծրագիրը», - նշել էր նա։
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 27-ին։