ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

3 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Կոլումբիան վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված համատեղ նախաձեռնությամբ ձգտում են համախմբել պետությունների ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հարցերով համաժողովի բացման արարողությանը այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նա COP17-ի մասնակից երկրներին հրավիրել է միանալ այդ աշխատանքին։

Մաթևոսյանն անդրադարձել է Կոլումբիայի հետ համատեղ մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնման CARES դաշինքին։ Նախաձեռնության շրջանակում 17 հիմնադիր պետությունների կառավարությունները միավորում են ջանքերը Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի չորրորդ թիրախի իրականացման ուղղությամբ։

«Բազմաթիվ վտանգված տեսակներ հրատապ մեր օգնության կարիքն ունեն։ Եվ մենք բոլոր կողմերին հրավիրում ենք միանալու մեզ»,– հայտարարել է նախարարը։

Մաթևոսյանը, ողջունելով պատվիրակներին Հայաստանում, նշել է, որ վերջին տարիներին նրանցից շատերի հետ հանդիպելու առիթ է ունեցել աշխարհի տարբեր անկյուններում, իսկ բազմաթիվ ճանապարհորդություններից ու հանդիպումներից հետո ուրախ է գործընկերներին հյուրընկալել հայրենի երկրում։

Նա հայտնել է, որ հաջորդ օրը պաշտոնապես ստանձնելու է COP17-ը նախագահելու պատասխանատվությունը՝ պարտավորության մեծ զգացումով և համատեղ գործողությունների նկատմամբ լավատեսությամբ։

Անդրադառնալով առաջիկա բանակցություններին՝ նախարարը կարևորել է տարաձայնությունները երկխոսությամբ հաղթահարելու պատրաստակամությունը։

«Մենք հնարավոր է սկզբից ամեն ինչ չհամաձայնեցնենք, և դա է բազմակողմ բանակցությունների ոգին։ Եվ թերևս այդ պատճառով են նրանք մեզ պետք, որ փոխադարձ հարգանքով, բաց երկխոսությամբ և լսելու իրական պատրաստակամությամբ մենք կարող ենք հաղթահարել մեր տարակարծությունները և կենսաբազմազանության պահպանության համար արդյունավետ առաջընթաց ունենալ։ Չնայած որ ունենք տարբեր տեսանկյուններ, մենք մեկ պատասխանատվություն ունենք, այն է՝ պաշտպանել բնությունը հաջորդ սերունդների համար»,– ընդգծել է Մաթևոսյանը։

Նախարարի խոսքով՝ որպես COP17-ը նախագահող երկիր՝ Հայաստանը գործընկերների հետ աշխատել է այնպիսի նախաձեռնությունների շուրջ, որոնք նպատակները վերածում են գործնական գործողությունների։

Նա այդ համատեքստում անդրադարձել է կենսաբազմազանության մշտադիտարկմանը, լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերին, պահպանության ծրագրերին ու բնության համար ավելի լավ արդյունքներ ապահովող խթաններին։

 

Հայերեն English Русский