Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց COP17-ում Հայաստանի նախագահության գլխավոր ուղերձը

2 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության պահպանությունը պետք է առաջնահերթություն լինի ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարությունների, այլև ամբողջ հասարակության համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին COP17-ի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

«Հայաստանի նախագահության գլխավոր ուղերձներից մեկը՝ կենսաբազմազանությունը չի կարող մնալ միայն Շրջակա միջավայրի նախարարությունների պատասխանատվության ներքո, այն պահպանելը պետք է առաջնահերթություն լինի, ահա թե ինչու մենք շեշտադրում ենք համակառավարական և համահասարակական ներգրավվածությունը»,- նշեց նախարարը:

Համբարձում Մաթևոսյանը հավելեց՝ COP17-ը հյուրընկալելը Հայաստանի համար և՛ միջազգային մեծ պատասխանատվություն է, և՛ եզակի հնարավորություն՝ ամրապնդելու բնության համար գործողությունները մեր երկրում:

«Հայաստանի արտակարգ կենսաբազմազանությունը մեր ամենամեծ ազգային ակտիվներից է, կապիտալներից է, նրա պաշտպանությունը պահանջում է էկոհամակարգերի ավելի ուժեղ պահպանում և վերականգնում, պահպանվող տարածքների ավելի արդյունավետ կառավարում, բարելավված մոնիթորինգ և կենսաբազմազանության ավելի մեծ ինտեգրում տնտեսական և զարգացման որոշումների մեջ»,- նշեց Մաթևոսյանը:

Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Հայերեն English فارسی Русский