Գեղարքունիք գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին և տարածքի պատմական գերեզմանոցը

10 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համանուն գյուղը գտնվում է Գավառ քաղաքից 9 կիլոմետր դեպի հարավ, Գեղամա լեռնաշղթայի հյուսիսարևելյան փեշին, ծովի մակարդակից 2040-2160 մետր բարձրության վրա, արևելյան ու արևմտյան  կողմերում բարձրացող լեռնալանջերի միջև տարածվող ձորի մեջ։

Գյուղը հարուստ է պատմության ու մշակույթի հուշարձաններով, որոնց մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Սուրբ Գևորգ եկեղեցին։

Գեղարքունիք գյուղի պատմության հուշարձաններից հայտնի են նաև Քրիստոսից առաջ 1-ին հազարամյակով թվագրվող կիկլոպյան ամրոցը, մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող «Ձոր ավերակներ» ու «Մանուչարի լիճ» բնակատեղիները, երեք խոշոր դամբարանադաշտեր, Սուրբ Գևորգ, Սուրբ Հակոբ, Սուրբ Ստեփանոս մատուռները, հնագույն ջրանցքն ու մի քանի ջրամբարները, մի քանի միջնադարյան գերեզմանոցները։

Գեղարքունիք գյուղը շատ մոտ է գտնվում Իլիկավանքի կիկլոպյան մեծ ամրոցին ու տարածվող հսկայական շենին, ինչը փաստում է, որ այս բնակավայրն էլ հիմնվել է անհիշելի ժամանակներից ու շարունակվել հազարամյակներ՝ կրելով քաղաքակրթական տարբեր ու հարուստ մշակութային շերտեր։

Գեղարքունիք գյուղում է բնակվում քարագործ վարպետ, շինարար, քանդակագործ, հնասեր Լևիկ  Ղազարյանը, որին բոլորը ճանաչում են Վարպետ Գրետ անունով, առանձնակի սիրով ու ոգևորությամբ է ներկայացնում հայրենի գյուղի ամեն մի անկյունը, քարն ու թուփը, մարդկանց, պատմությունը, պատմամշակութային հուշարձանները, որոնց մասին անգամ ձոներգեր ու բանաստեղծություններ է գրել։ Հենց նրա ձեռքերով է կենդանություն ստացել Գեղարքունիք գյուղի Սուրբ Հակոբ մատուռը, որը դեռ մի քանի տասնամյակ առաջ ոչ միայն  գտնվել է ավերակ, այլ շատերի համար գրեթե անհայտ վիճակում։

Մոտ չորս մետր բարձրության, չորս մետր երկարության և երեք մետր լայնության այս մատուռի կառուցումը եղել է նրա վաղեմի երազանքը, քանի որ, ինչպես ինքն է պատմում,  հաճախ է իրեն երազում այցելել ճերմակամորուք մի մարդու տեսքով սուրբը և մատնանշել մատուռի ճիշտ տեղը, որը գտնվել է նրա հողամասում, հողի տակ թաղված հին, որձաքարերով շարված պատի տեղում: Դրանից հետո որմնադրությամբ իր բազմաշունչ ընտանիքը կերակրող Գրետը որոշել է նախագծել ու կառուցել մատուռը, որը սկսել է հեռավոր 1980 թվականից: Նա բացել է հողի տակ թաղված հին պատը, այնտեղից գտել հին մատուռի մաս կազմող չորս սրբատաշ քարերը, որոնք 18-րդ դարում թուրքերի կողմից ավերված հին մատուռից պահպանվածներն են, ապա փորել մատուռի հիմքերը և դրել առաջին սրբատաշ քարերը: Պատերի առաջին շարքերը նոր են սկսել բարձրանալ, երբ ՀԽՍՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության կողմից եկել են մարդիկ, ուսումնասիրել տեղանքը և հայտարարել, թե այդ նույն տեղում էլ հենց եղել է թաղածածկ Սուրբ Հակոբ մատուռը, և նախագիծն էլ հնից գրեթե շեղում չունի: Մատուռի շինարարությանը Գրետը թափ է հաղորդել 2005 թվականից հետո` անթերի գլուխ բերելով թաղածածկը: Նա աշխատանքները հիմնականում կատարել է իր մասնագիտական և վարձու աշխատանքից ազատ ժամերին կամ օրերին միայն, որոնք սովորաբար հազվադեպ են եղել: Սուրբ Հակոբ մատուռը բացվել և օծվել է 2012 թվականին։ Գեղարքունիքի մարզում և Հայաստանի բնակավայրերով մեկ վարպետ Գրետն իր ձեռքերով հասցրել է կառուցել 500 տուն:

Նա արդեն բոլորել է իր կյանքի 87-րդ  տարին, սակայն երիտասարդական ավյունով ու եռանդով շարունակում է հայրենի պատմամշակութային արժեքների պահպանության ու հանրահռչակման գործը։ Վարպետ Գրետը Սուրբ Հակոբ մատուռի մուտքը և շրջակայքը զարդարել է նորակերտ գեղաքանդակ խաչքարերով, հին հայկական ճարտարապետության տարր հանդիսացող քարե սյուների խարիսխներով, երկանքներով, սանդերով, սայլերի անիվներով ու գյուղատնտեսական հին գործիքներով, իսկ մատուռի ներսում տեղադրել է գյուղի տարածքից գտնված քարեդարյա գործիքներ՝ ստեղծելով հնագիտական գրավիչ միջավայր։ 

Հուշարձանների պահպանության պետական ցանկում Սուրբ Գևորգ եկեղեցին համարվում է 16-17-րդ դարերի կառույց, որը մեկ անգամ էլ վերանորոգվել է 1866 թվականին։

Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնահատակ կործանվել է 17-18-րդ դարերի ընթացքում, Գեղարքունիք գյուղը քանիցս ասպատակած ու շենը բռնի հայաթափած թուրք ու լեզգի հրոսակների կողմից։ 1830 թվականին այստեղ վերաբնակված արևմտահայ ընտանիքիների կողմից այն վերականգնվել է, գործել մինչև 1930-ական թվականները, բայց  վերջնականապես ավերվել ու լքվել է Խորհրդային տարիներին ու այժմ գտնվում է կիսավեր վիճակում, հիմնովին զուրկ ծածկից։

Նույն ցանկում հաշվառված է 12 խաչքար-տապանաքար, որոնք թվագրված են 9-18-րդ դարերով։

Դժվար է ասել, թե ինչ հիմքով է այն  համարվում 16-17-րդ դարերի կառույց։ Անշուշտ, այդ ժամանակների կառուցվածքային տարրեր նկատելի են այստեղ, սակայն մի բան պարզ է, որ այս սրբավայրը գործել է շատ ավելի վաղ ժամանակներից, անգամ՝ նախաքրիստոնեական շրջանից։

Առաջինը դա կարող են հաստատել դեռևս պահպանված պատերի շարվածքները, որոնք կատարված են խոշոր քարերով, առանց շաղախի, կիկլոպյան դարաշրջանի շարվածքի ոճին համահունչ։ Իսկ եկեղեցու արևելյան ու հյուսիսային  կողմերում մեծ մակերեսների վրա տարածվող շինությունների պատերի կիսավեր հիմքերը ենթադրել են տալիս, որ այս սրբավայրը չի սահմանափակվել միայն ներկա կիսավեր շինության համեստ չափսերի մեջ, որը հազիվ կազմում է շուրջ 90 քմ մակերես։ Թե ինչ կառույցների հետքեր են պահպանվել շուրջ 1 հեկտար ընդգրկող տարածքում, առայժմ դժվար է ասել, սակայն փաստ է, որ դրանք մեզ հասել են շատ հին ժամանակներից, որոնք կարող են հաստատվել ուսումնասիրությունների ու պեղումների արդյունքում։ Իսկ իններորդ դարից պահպանված խաչքարերն արդեն փաստում են այս սրբավայրի, հոգևոր կառույցի միջնադարյան շերտի լինելության մասին։

Անվանի հայագետ Սեդրակ Բարխուդարյանն իր «Դիվան հայ վիմագրության» կոթողային աշխատության մեջ զետեղել է ընդամենը 2 վիմագիր արձանագրության վերծանում։ Երկու վիմագրերն էլ գտնվում են եկեղեցու արևմտյան պատի մեջ ագուցված խաչքարերին։ Մեկը Գալատոկի խաչքարն է՝ 1536 թվականի արձանագրությամբ, մյուսը՝ Մարտոսի խաչքարը, որը թեև երկատված է, սակայն պահպանված մասում արձանագրության հետ կրում է նաև Քրիստոսի խոցող զինվորների քանդակը։ Այն համարվում է 15-16-րդ դարերի գործ։

Շատ շքեղ տեսք ունեն նաև ներսի կողմից եկեղեցու հյուսիսային ու հարավային պատերի մեջ ագուցված տապանաքարերը, որոնց վրա պատկերված են ինչպես կույսերի, այնպես էլ վանականների գավազանների քանդակներ։ Վանականի տապանաքարերից մեկի վրա էլ հստակ նկատվում է վիմագիր արձանագրություն, որը վերծանման կարիք ունի։

Վիմագրություններ կան նաև պատմական գերեզմանոցի տարածքում գտնվող առանձին խաչքարերի ու տապանաքարերի վրա, որոնք նույնպես մասնագետների կողմից վերծանման կարիք ունեն։ Միջնադարյան պատկերազարդ տապանաքարեր կան, որոնք ժամանակի ընթացքում օգտագործվել են երկրորդ անգամ՝ արդեն իրենց վրա կրելով 19-20-րդ դարերում ապրած մարդկանց անունները։

Վարպետ Գրետը ներկայացնում է երկու խոշոր տապանաքար, որոնցից մեկի  վրա կենցաղային տեսարաններ են քանդակված, մյուսի վրա՝ հագուստի ու արդուզարդի մեջ պատկերված գեղեցիկ կին։ Ըստ Գրետ Ղազարյանի՝ կենցաղային պատկերներ արտացոլող տապանաքարի տակ հանգչում է աստիճանավոր տղամարդ, հավանաբար՝ տարածքի տեր իշխանը, քանի որ գերեզմանաքարի վերին մասը քանդակված է ելուստներով, ինչը խոսում է քարի տակ հանգչող մարդու բարձր աստիճանավոր լինելու  մասին։ «Տապանաքարի հյուսիսային կողմում պատկերված է մի մարդ՝ հրացանն առաջ պարզած, ինչը կարող է նշանակել, որ այս մեծավորը սպանվել է հրացանի կրակոցից։ Իսկ կողքի քարին պատկերված կինը կարող է լինել այս աստիճանավորի կինը»,-համոզված ու ոգևորված մեկնաբանում է վարպետ Գրետը։

Ապա նա հողի տակից վեր է հանում 2 տապանաքար, որոնք հիացնում են իրենց բարձրարվեստ քանդակներով։ Դրանցից մեկը խոյ-տապանաքար է, որի վերևի կողմում պատկերված է կույսի քանդակ, իսկ ներքևի կողմը գտնվում է հողի հաստ շերտի տակ։ Հաջորդ տապանաքարը շատ ավելի խորհրդավոր ու բովանդակալից է։ Մեջտեղում պատկերված է հեծյալ տղամարդ, խույրը գլխին, իսկ երկու կողմերում պատկերված են թագակիր երկու այլ մարդիկ։ Ձախ կողմի մարդը  հեծյալի գլխավերևում պահել է շապիկին հայերեն տառեր կրող գիրք, իսկ աջ կողմում գտնվող մարդը՝ գինու գավը։ Տապանաքարի մյուս երեսը թաղված էր հողի հաստ շերտի տակ, ուստի հնարավոր չի պարզել՝ արդյո՞ք տապանաքարն այլ արձանագրություն ուներ, թե՞ ոչ։ Հավանաբար, երկու քանդակներն էլ ստեղծվել են 16-17-րդ դարերի  ընթացքում։ Արդեն կասկած լինել չի կարող, որ հողի շերտի տակ այլ խաչքար-տապանաքարեր էլ թաքցված լինեն, որոնք կարող են նոր լույս սփռել այս բազմաշերտ հուշարձանի պատմության ու պատմամշակութային արժեքների վրա։  

Ավելի ուշ պարզ է դառնում, որ Գեղարքունիք գյուղում գործող «Աժդահակ» սոցիալ-բնապահպանական կենտրոնը հանդես է եկել Գեղարքունիքի սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնելու առաջարկ-նախաձեռնությամբ։

Հայերեն

Ստեղծվել է աշխատանքային խումբ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրներին լուծում առաջարկելու նպատակով

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել այցագրային սահմանափակումները ՌԴ քաղաքացիների համար

Ներկայացվում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների գնահատման զեկույցը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 15/10/26

Ասիական ինդեքսներ - 15/10/26

Լավրովը Ֆիդանի հետ քննարկել է առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը

Հայկ Կոնջորյանը և Հաոլիանգ Սյուն քննարկել են ՀՀ ԱԺ-ՄԱԶԾ համագործակցության առաջնահերթությունները

Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի

Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Երևանում

35 տարվա վստահություն. IDBank-ը տոնում է հաճախորդների հետ