Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները
2 րոպեի ընթերցում

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Իրանի աջակցությունը վայելող եմենյան հութիների հարձակումները Ռիադի միջազգային օդանավակայանի վրա՝ դրանք որակելով որպես «վտանգավոր սրացում, որը չի կարող արդարացվել կամ ընդունվել որևէ պատրվակով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։
Հոկտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել էին մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի վրա նոր հարձակման հետևանքով մեկ զոհի և շուրջ մեկ տասնյակ վիրավորների մասին։ Հարձակումը տեղի էր ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ հութիների հարվածի հետևանքով 13 մարդ էր զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։
Տարածաշրջանային չորս երկրների խումբը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Սաուդյան Արաբիային՝ այդ թվում՝ երկրի կողմից հարձակումներին հակազդելու, սպառնալիքները զսպելու և դրանց կրկնությունը կանխելու նպատակով ձեռնարկվող բոլոր «օրինական միջոցներին և քայլերին» լիակատար աջակցությունը։
«Խումբը հութիների զինված խմբավորմանը պատասխանատու է համարում այս հարձակումների և դրանցից բխող ցանկացած հետևանքի համար, որը սպառնում է տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, և պահանջում է անհապաղ ու անվերապահորեն դադարեցնել այդ հարձակումները», - ասված է հրապարակված համատեղ հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և միջուկային զենք ունեցող Պակիստանը օգոստոսին Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանության ոլորտում համատեղ համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ կողմերից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի վրա։
Նախորդ շաբաթ երեք երկրները հայտարարել էին, որ պայմանավորվել են կյանքի կոչել փոխադարձ պաշտպանության իրենց պարտավորությունները և ապահովել ուժերի ու անհրաժեշտ կարողությունների արագ տեղակայումը Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին։