ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործման և դասախոսական կազմի վերապատրաստման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն ու աշխատակիցները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ, Հայաստանում DCAF-ի աջակցության ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակության հետ։ Սեպտեմբերի 30-ին հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ Վտանգների նվազեցման գործակալության Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության կովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Ստեֆանի Փենինգտոնի գլխավորած պատվիրակության հետ։

Քննարկվել են պետական սահմանի պահպանության և սահմանապահների մասնագիտական պատրաստվածության հարցեր։ Կարևորվել են ուսուցման ժամանակակից մեթոդները, միջազգային համագործակցությունն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի համար միջազգային չափանիշներին համապատասխան կրթական համակարգի ստեղծումը։

«Ամերիկյան կողմի հետ հանդիպման ընթացքում հատկապես շեշտադրվել է ԱՄՆ ՊՎՆԳ հետ համագործակցության շրջանակներում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուսման և վերապատրաստման ծրագրերի իրագործման ուղղությամբ հետագա աջակցության կարևորությունը։ Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Ազգային անվտանգության ծառայությանը՝ սահմանապահների ուսումնական ծրագրերի լրամշակման, կատարելագործման ինչպես նաև դասախոսական կազմի վերապատրաստման ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորվել են DCAF-ի փորձառությունն ու համագործակցությունը՝ սահմանապահ զորքերի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձնակազմերի կրթության կազմակերպման հարցում։

ԱԱԾ-ն հայտնել է նաև, որ սեպտեմբերին սահմանապահ զորքերի և գիտաուսումնական կենտրոնի աշխատակիցներից կազմված պատվիրակությունն ուսումնական այցով գտնվել է Ֆինլանդիայում։ Այցը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան առաքելության աջակցությամբ՝ «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակներում։

Պատվիրակությունն այցելել է Ֆինլանդիայի «Սահմանային և ափամերձ պահպանության» ակադեմիա, ծանոթացել դրա կառուցվածքին և ուսումնական գործընթացին։ Աշխատակիցները եղել են նաև պետական սահմանի հատվածներում ու Հելսինկիի միջազգային օդանավակայանում, ուսումնասիրել են սահմանային վերահսկողության գործառնական ընթացակարգերը։

Հայերեն English Русский

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին