Հայաստանի ԿԳՄՍ և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարներն այցելել են Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ

4 րոպեի ընթերցում

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 9-ին շարունակել է այցելությունները կրթական և մարզական հաստատություններ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Ահմադ Դոնիամալին այցելել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական (ԵՕՀՊՄ) քոլեջ՝ ծանոթանալու հաստատության գործունեությանը, մարզիկների պատրաստության և կեցության պայմաններին, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված ենթակառուցվածքային բարեփոխումներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում պատվիրակությունը շրջել է քոլեջի ծանրամարտի մարզադահլիճում, ծանոթացել ուսումնամարզական գործընթացի կազմակերպման պայմաններին և գույքային հագեցվածությանը։ Ներկայացվել է նաև ըմբշամարտի և բռնցքամարտի մարզադահլիճներում ընթացող վերակառուցման աշխատանքների ընթացքը։

Ժաննա Անդրեասյանն ու Ահմադ Դոնիամալին այցելել են նաև քոլեջի հանրակացարանային հատված․ այստեղ բնակվում են ՀՀ մարզերի 170  ուսանողներ, որոնք պետության միջոցներով ապահովվում են կեցությամբ և օրական երեքանգամյա սննդով։

 Ներկայում քոլեջն ունի ավելի քան 700 ուսանող, որոնք մարզչական կրթություն են ստանում ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, բռնցքամարտի, աթլետիկայի, ֆուտբոլի և այլ մարզաձևերի ուղղություններով։ ԵՕՀՊՄ քոլեջի սպորտային գծով տնօրենի տեղակալ Վարդան Թովմասյանը ներկայացրել է սաների վերջին տարիների մարզական հաջողությունները՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում քոլեջն ավելի քան 30 մեդալակիր է ունենում:

Առանձին անդրադարձ է կատարվել ըմբշամարտում Հայաստանի և Իրանի միջև ձևավորված համագործակցության հարուստ ավանդույթներին։ Նշել է, որ վերջերս քոլեջը հյուրընկալել է իրանցի մարզիկների՝ համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացման նպատակով։ Հայ ըմբիշներն էլ ակտիվորեն մասնակցում են Իրանում կազմակերպվող միջազգային մրցաշարերին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալին կարևորել են երկու երկրների միջև մարզական համագործակցության խորացումը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և երիտասարդ մարզիկների փորձի փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։

Պատվիրակության անդամները եղել են նաև քոլեջի թանգարանում՝ ծանոթանալով հաստատության պատմությանը, մարզական ավանդույթներին և ձեռքբերումներին։

Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Սպորտի կառավարման կենտրոն և կառույցի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ ծանոթացել կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին և իրականացվող ծրագրերին և ենթակառուցվածքներին։

Հաջորդաբար ԻԻՀ սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է  Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց: Նախատեսվում են նաև այցելություններ Երևանի պետական համալսարան և Հայաստանի ազգային պատկերասրահ։

Հայերեն English

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

Նոյեմբերից կմեկնարկեն դեպի ԱՄԷ գյուղմթերքի կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները

Հոկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

ՊՎԾ-ն բացահայտել է գոյություն չունեցող կազմակերպությունների մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի գնման ընթացակարգերի խափանման դեպքեր