Դավիթ Թադևոսյանն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները
2 րոպեի ընթերցում
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Դավիթ Թադևոսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրից բխող՝ նախարարության գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով երկու երկրների կառավարությունների միջև տեխնոլոգիական ոլորտում ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ արհեստական բանականության (AI), տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները։
Կողմերը կարևորել են համատեղ ստարտափային ֆորումների և համաժողովների կազմակերպումն ու մասնակցությունը, այդ թվում՝ «Seaside Startup Summit»-ը Եգիպտոսում անցկացնելու հնարավորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների ոլորտային ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը, Եգիպտոսում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման ուղղությամբ հետագա քայլերին, ինչպես նաև տեխնոլոգիական կարողությունների զարգացման նպատակով փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակման ծրագրերի իրականացմանը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկա տարիների համար տեխնոլոգիական տարբեր ուղղություններով ձևավորել համագործակցության հստակ օրակարգ և համատեղ աշխատել այն իրականացնելու ուղղությամբ։