«Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններն ու TRIPP նախագիծը
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովը։
Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խոսել են մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին, ներկայացրել իրենց դիտարկումները խոսքի ազատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի առնչությամբ։
Պատգամավորները մտահոգություն են հայտնել, իրենց կարծիքով, քրեական որոշ հետապնդումների ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ։