2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում Հայաստանի դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսի բացման նախօրեին Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավայի ուղեկցությամբ այցելել են Վրաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացել ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին, ձևավորմանը և ներկայացվելիք ստեղծագործություններին։ Ժաննա Անդրեասյանը հաջողություն է թանգարանի տնօրեն Կարինե Քոչարին և ցուցահանդեսի ստեղծագործական ու կազմակերպչական թիմին։
Ցուցահանդեսը գործելու է 2026 թվականի հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը:
Ցուցադրության հայեցակարգային առանցքն է կազմում Երվանդ Քոչարի նորարարական «Տարածական նկարչությունը»: Նախագծում ներառված են նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ինստալյացիաներ և այլ մեդիաներ, որոնք ընդգծում են մաեստրոյի ապագամետ մտածողության կենդանի շարունակականությունն ու ներուժը:
Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ կներկայացվի նաև «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» եռալեզու (հայերեն, վրացերեն, անգլերեն) նոր պատկերագիրք-կատալոգը (հեղինակ՝ Կարինե Քոչար)։ Հրատարակությունն ընդգրկում է վերջին տարիների արժեքավոր արխիվային բացահայտումներն ու նորահայտ փաստագրական տվյալները:
Միջոցառումն իրականացվում է Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում՝ «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) և Վրաստանի ազգային թանգարանի միջև ձևավորված համագործակցությամբ: