Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների
3 րոպեի ընթերցում
Թուրքիան, Պակիստանը և Սաուդյան Արաբիան համաձայնության են եկել գործի դնել փոխադարձ պաշտպանության պայմանագրով նախատեսված «զսպման միջոցառումները» և արագորեն զորքեր տեղակայել Սաուդյան Արաբիայում՝ ի պատասխան «Անսար Ալլահ» շարժման հութիների հարձակումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Որոշման մասին հայտարարվել է Էր Ռիադում երեք երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների անցկացրած արտահերթ հանդիպումից հետո։ Սա առաջին անգամ է, որ կիրառության մեջ է դրվում «Մեքքայի պաշտպանական դաշինք» անվանմամբ հայտնի այդ միավորումը՝ օգոստոսի 7-ին դրա ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր։
Համաձայնագիրը սահմանում է, որ երեք երկրներից որևէ մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլորի վրա։
X-ում կատարած գրառման մեջ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բին Սալմանն անդրադարձել է հանդիպմանը։
«Մեքքայի պաշտպանության դաշինքին կից Ռազմավարական քաղաքական և պաշտպանության կոմիտեի արտակարգ ժողովը վերահաստատեց մեր երկրների համերաշխությունն ու միասնությունը Թագավորության և սուրբ վայրերի դեմ նողկալի հարձակումներին դիմակայելու հարցում: Կոմիտեն համաձայնել է ակտիվացնել հավաքական զսպման միջոցները դաշինքի շրջանակներում՝ ի պատասխան հարձակումների և դրանց բոլոր պատասխանատուների», - նշված է գրառման մեջ։
Պակիստանի արտաքին գործերի նախարարության հրապարակած առանձին համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ երեք երկրները Սաուդյան Արաբիա կուղարկեն «համաձայնեցված ռազմական ուժեր ու միջոցներ և կապահովեն դրանց արագ տեղակայումը»։
Այս հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ Եմենի՝ միջազգայնորեն ճանաչված կառավարությանը սատարող ուժերը հակահարձակում էին սկսել՝ հետ գրավելու այն տարածքները, որոնք սեպտեմբերին գրավել էին հութիները։ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող եմենյան ուժերը հայտնել են, որ հետ են գրավել Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա նավահանգստային քաղաքը և այժմ վերահսկում են ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հաստատել է իր մասնակցությունը Եմենի կառավարական ուժերի հարձակողական գործողությանը՝ հայտնելով, որ օդային աջակցություն են ապահովում իր 100 կործանիչները։
Միևնույն ժամանակ, հութիները հայտարարել են Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի և ծովափնյա Ռաբիղ քաղաքում գտնվող «Արամկո» ընկերության նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին։
Խմբավորումը նաև հայտնել է այլ կարևորագույն օբյեկտներ թիրախավորելու մասին։
Էր Ռիադի կողմից հութիների հարձակումների վերաբերյալ մեկնաբանություն դեռևս չի եղել։