3 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իրանն առնչություն ունի flydubai-ի չվերթի հետ կապված միջադեպում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան առջև լրագրողները հարց են ուղղել՝ արդյոք իր կարծիքով Իրանն է պատասխանատու Դուբայից Թել Ավիվ մեկնող չվերթի ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար, երբ օդաչուներից մեկը փորձել էր կործանել ինքնաթիռը։
«Այո՛, կարծում եմ։ Անձամբ ես այդպես եմ կարծում», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։
Հոկտեմբերի 5-ին ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պատասխանելով նմանատիպ հարցի, նշել էր, որ «առայժմ որևէ միանշանակ բան չի տեսել»։ Նա նաև նշել էր, որ այդ հարցի վերաբերյալ եզրակացությունները կթողնի ԱՄՆ հետախուզությանը։
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ մեկնող flydubai ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուն փորձել էր կործանել ինքնաթիռը, կռվի էր բռնվել օդանավի հրամանատարի հետ և դանակահարել նրան: Ինքնաթիռը 30 վայրկյանից պակաս ժամանակահատվածում կորցրել էր ավելի քան 4000 մետր բարձրություն: Հրամանատարին հաջողվել էր սեղմել օդաչուի խցիկը բացելու կոճակը. անձնակազմի անդամների և ուղևորների միջամտության շնորհիվ ողբերգությունը կանխվել էր: Ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։
Բացի այդ, լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին հայտնի է, թե կոնկրետ ում կողմից է եղել այն սպառնալիքը, որի պատճառով ԱՄՆ-ն բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 ռազմավարական ռմբակոծիչները։
«Եվ մենք իրականում գիտենք այն մարդկանց, որոնք ստեղծել են այդ սպառնալիքը։ Նրանք իրենց համար լուրջ խնդիր են ստեղծել», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նա հրաժարվել է հստակեցնել՝ արդյոք Իրանը կարող էր անօդաչու թռչող սարքեր տեղափոխել Մեծ Բրիտանիայի տարածք՝ այդ ռմբակոծիչների վրա հարձակվելու նպատակով։
«Ես չեմ կարող ձեզ դա ասել։ Բայց եթե նրանք դա արել են, ապա լրջորեն կտուժեն», - հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ, ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիան համարում է ամերիկյան զորքերի տեղակայման համար անվտանգ վայր։
Սեպտեմբերի 27-ին Անգլիայի արևմուտքում գտնվող Ֆեյրֆորդի ավիաբազայի մերձակայքում ձերբակալվել էր 23-25 տարեկան հինգ մարդ՝ Լոնդոնի բնակիչներ, որոնք կասկածվում էին պայթուցիկ նյութերի և ահաբեկչության մասին օրենքները խախտելու համար։ Հաջորդ օրը նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել։
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել էր, որ նրանց ֆուրգոններում պայթուցիկ նյութեր չի հայտնաբերվել։ Պենտագոնը հոկտեմբերի 4-ին հաստատել էր, որ Ֆեյրֆորդի ավիաբազայում գտնվող բոլոր B-1 ռմբակոծիչները վերադարձվել են ԱՄՆ։