3 րոպեի ընթերցում
Ընթերցանությունը միայն տեքստը կարդալու հմտություն չէ։ Այն մտածելու, վերլուծելու և գիտելիքը կիրառելու հիմքն է։ Ահա այս գաղափարի շուրջ Երևանի պետական համալսարանում համախմբվել էին ուսուցիչներ, կրթության փորձագետներ և ոլորտի ներկայացուցիչներ՝ մասնակցելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած՝ «Ընթերցանությունը բոլոր դասերին. ճանաչողությունից դեպի մտածողություն» խորագիրը կրող համաժողովին։
«Ուսուցչական համաժողովները կարևոր հարթակ են դարձել կրթության ոլորտի տարբեր հարցերի քննարկման համար։ Այսօր մենք ընթերցանության մասին ենք խոսում։ Գիտեք, որ դա մեր կրթության լրջագույն մարտահրավերներից է։ Կարևոր է, որ մեր տարբեր ուսուցիչները կիսվեն իրենց փորձով, հասկանան, թե ինչ մեթոդներ են կիրառում իրենց գործընկերները և նաև փոխառեն այդ մեթոդները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ դպրոցական կրթության վերջին տարիների փոփոխություններն արդեն նկատելի են նաև բուհ ընդունվողների շրջանում։
«Այն հսկայական ռեֆորմները, որ արվեցին վերջին տարիներին, հատկապես դպրոցական ոլորտում, ես չեմ հիշում որևէ այլ ժամանակահատված, որ այդքան ռեֆորմներ արվեն՝ սկսած հարյուրավոր նոր դպրոցների հանձնումից, որտեղ մեր աշակերտները հնարավորություն ունեն նոր միջավայրում սովորելու»,-ասաց ռեկտորը։
Կրթության ոլորտում, սակայն, ընթերցանության խթանումը շարունակում է մնալ կարևորագույն մարտահրավերներից մեկը։ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլն ընդգծում է՝ ի տարբերություն խոսելու և լսելու՝ ընթերցանությունը բնական ճանապարհով զարգացող հմտություն չէ։
«Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 29-րդ հոդվածը նախանշում է, որ կրթության հիմնական նպատակը պետք է լինի երեխայի անձի զարգացումը։ Եվ հենց սա է, որ մենք անվանում ենք երեխայի իրավունքների վրա հիմնված կրթություն։ Ինչ էլ մենք անենք որպես ուսուցիչ դասասենյակում, մենք մշտապես պետք է միտված լինենք այդ գերնպատակին՝ երեխայի անձի ձևավորմանը»,-նշեց Խալիլը։
Միջոցառման ընթացքում նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրեց նաև կրթության ոլորտի լավագույններին։
«Նախարարությունը արդեն քանի տարի ամեն ամիս որոշում է ամսվա լավագույններին, և այդ լավագույնների անվանակարգերը առաջին հերթին հիմնվում են կրթական համակարգի բոլոր մակարդակները ներառելու տրամաբանության վրա։ Մենք մասնավորապես նախադպրոցական հաստատությունների, տարբեր օղակների աշխատանքն էլ ենք կարևորում։ Կարևոր է ինչպես դասավանդումը, այնպես էլ կառավարումը դպրոցում։ Մենք աշխատում ենք գնահատել և տեսանելի դարձնել յուրաքանչյուրի աշխատանքը»,-ընդգծեց նախարարը։
Ներկաները մասնակցեցին նաև «Ինչ է նշանակում կարդալ 21-րդ դարում. տեքստից մինչև տվյալներ» թեմայով պանելային քննարկմանը։