Մանուշյանների աճյունների պանթեոնացումը Ֆրանսիայում և ազատության գաղափարի տարածումը Հայաստանում. հարցազրույց Ժան-Պիեռ Սաքունի հետ

8 րոպեի ընթերցում

Օրերս Հայաստանում հյուրընկալվել էր Ֆրանսիայում գործող «Լաիկ միություն» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Ժան-Պիեռ Սաքունը, որի ջանքերով 2024-ին Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի պանթեոնում։

«Արմենպրես»-ի տաղավարում Ժան-Պիեռ Սաքունը պատմել է այցի նպատակի, ասոցիացիայի գործունեության, Մանուշյանների աճյունների վերահուղարկավորման ուղղությամբ կատարած հսկայածավալ աշխատանքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը միտված ծրագրերի մասին։

-Բարև Ձեզ, պարոն Սաքուն։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։

-Խնդրեմ։

-Շատ կարճ ժամանակով եք Հայաստանում։ Կխնդրեմ մանրամասնել, թե որն է Ձեր այցի հիմնական նպատակը։

-Մենք ֆրանսիացիների մի խումբ ենք. մեր շարքերում նաև հայկական ծագումով ֆրանսիացիներ կան, որոնք ցանկանում են ամրապնդել ժողովրդավարությանը միտված այն ամուր կապերը, որոնք առկա են Ֆրանսիայի և Հայաստանի միջև։

Կան նաև այլ ասոցիացիաներ, որոնք քարոզում են աշխարհիկ մշակույթի սփռումը Հայաստանում։ Խոսքն այն աշխարհիկ մշակույթի մասին է, որը շատ տարածված է Ֆրանսիայում և միտված է ազատությանը։

-Կարո՞ք ենք ասել, որ այցի հիմնական նպատակն է տարածել ազատատենչության, անկախության,  իրավահավասարության գաղափարները։

-Այո, հենց այդպես։ Դա հենց այդպես էլ կոչվում է՝ «էմանսիպացիա». այս համատեքստում կարելի է թարգմանել ազատատենչություն, և մենք հիմնվում ենք այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք սկիզբ են առել Ֆրանսիական հեղափոխությունից ի վեր։ Շատ լավ գիտեք՝ Ֆրանսիական հեղափոխությունը քարոզեց երեք հիմնարար սկզբունքներ՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Մեր ամբողջ արշավը, առաքելությունն ուղղված են այդ սկզբունքների տարածմանը։

-Խոսեցիք Ֆրանսիայի ազատության մասին։ Այդ գործում իրենց դերակատարությունն են ունեցել հայազգի Միսաք Մանուշյանը, նրա տիկինը՝ Մելինե Մանուշյանը, որը միշտ աջակցել է ամուսնուն։ Դ՞ա էր պատճառը, որ երկար տարիներ բանակցել եք, որպեսզի Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները վերահուղարկավորվեն Ֆրանսիայի պանթեոնում։

-Միսաք և Մելինե Մանուշյանները փաստում են, որ օտարերկրյա գործիչները որդեգրում են ազատության վերաբերյալ Ֆրանսիայի հիմնարար սկզբունքներն ու քարոզում են դրանք։

«Լաիկ միություն» ասոցիացիան շատ լուրջ է մոտենում այդ հարցին։ Ութսուն տարի է անցել այն օրից, երբ Ֆրանսիան ձերբազատվել է նացիստական լծից։ Մինչ այդ Պանթեոնում հանգրվանել են տարբեր գործիչների աճյուններ, սակայն սա մեկ այլ դրվագ է. առաջին անգամ Ֆրանսիայի պանթեոնում հանգրվանեցին օտարերկրացիներ, մարդիկ, որոնք մեծ ավանդ են ունեցել Ֆրանսիական դիմադրության շարժման հաջողության գործում։ Սա իսկապես նոր էջ է մեզ համար։ Ֆրանսիան բաց է և երախտապարտ է բոլոր այն օտարերկրյա գործիչներին, որոնք զոհաբերել են իրենց կյանքը հանուն ազատության։

Անձամբ ինձ համար Մանուշյանների աճյունների վերահուղարկավորումը կարևոր իրադարձություն էր, քանի որ դեռևս 20 տարեկանից բարձր եմ գնահատել Մանուշյանին և «գուրգուրել» եմ նրա տեսակը։ Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև 1977 թվականին նկարահանված «Կարմիր պաստառ» ֆիլմը։ Այն դիտելիս հասկացա, որ Միսաքը շատ նման է հորս։ Մի կարևորագույն  փաստ ևս կա. ծագումով հրեա եմ, և այն դժբախտությունը, որը պատուհասել է հրեա և հայ ժողովուրդներին, խորը զգացմունքներ է իմ մեջ առաջացնում։ Զգում եմ՝ որքան են այդ ժողովուրդները մոտ միմյանց։

-Իսկ ի՞նչ խոչընդոտների եք բախվել այդ ընթացքում։ Որքանով գիտեմ գործընթացը տարիներ է տևել։

-Ինչպես արդեն ասացի Պանթեոնում օտարազգիների հանգրվանելը բավականին բարդ է։ Նման որոշում կարող է կայացնել միայն Ֆրանսիայի նախագահը։ Դա ամրագրված է Ֆրանսիայի սահմանադրությամբ։ Պանթեոնն այնպիսի մեծ տաճար է, որտեղ հանգրվանում են միայն այն գործիչները, որոնք կարողացել են փառաբանել Ֆրանսիայի Հանրապետությունը, ինչը նշանակում է փառաբանել ժողովրդավարությունը։ Միսաք Մանուշյանն այդ վառ դեմքերից մեկն է։ Չորս տարի շարունակ հսկայածավալ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ։ Ալիս Ժերարը, որը մեր ասոցիացիայի գլխավոր քարտուղարն է, տարբեր դիմումներ է ներկայացրել, համապատասխան նամակներ է գրել, մենք դիմել ենք տարբեր գործիչների՝ պատմաբանների և այլ մասնագետների, Միսաք Մանուշյանի ընտանիքի անդամներին՝ անհրաժեշտ տեղեկություններն ամբողջացնելու համար և կարողացել ենք համատեղ մի գործ կազմել, որը համոզիչ դարձավ և որը կարողացավ իրականություն դարձնել Միսաք և Մելինե Մանուշյանների հանգրվանումը Պանթեոնում։

Մեզ հաջողվեց մեծ շարժում սկսել. կարողացանք կազմակերպել լայնածավալ գիտաժողով, որն արծարծեց Ֆրանսիայի դիմադրության շարժման գործում օտարերկրյա գործիչների վաստակի հարցը։ Որպեսզի կարողանայինք հարցն առաջ տանել, հավաքեցինք փաստաթղթերի մի մեծ փաթեթ, այն ուղարկեցինք երկրի նախագահին։ Այդ թեմայի շուրջ բազմաթիվ հոդվածներ ենք գրել, հեռուստատեսությամբ հաղորդաշարեր ենք իրականացրել։

2022-ին կարողացանք ամբողջական փաթեթը ներկայացնել Ֆրանսիայի նախագահին, ինչն արձագանք գտավ բարձր ատյաններում, և գործընթացն իրականացավ։

Առանձնակի խոչընդոտների չենք բախվել։ Մենք տոգորված էինք այն զգացումով, որ գործը գլուխ կգա։ 2023-ի հունիսի 18-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ տեղի կունենա Մանուշյանների պանթեոնացումը։ Դա շատ ուշագրավ ամսաթիվ է։ Տարիներ առաջ հենց այդ օրը Շառլ դը Գոլը հանդես է եկել կոչով։  

2023-ի հունիսի 16-ին հանդիպեցինք Էմանուել Մակրոնի հետ։ Մակրոնն իր երեք խորհրդատուների հետ էր։ Նա ինձ խնդրեց պատճառաբանել, թե ինչու եմ ցանկանում պանթեոնացնել Միսաք Մանուշյանի աճյունը։ Կարողացա տալ բոլոր բացատրությունները։ Նա ամեն բան ըմբռնեց, և ես նրան հուշեցի, որ շիրմաքարի կողքին փակցնենք մի ցուցանակ, որի վրա տեղ կգտնեն Մանուշյանի 23 զինակիցների անունները, որոնք ևս զոհվեցին՝ Ֆրանսիան ազատագրելով։

-Բոլորս շատ շնորհակալ ենք Ձեր կատարած աշխատանքի համար։ Երբեք դա չենք մոռանա։ Խոսվեց Շառլ դը Գոլի մասին։ Հիշեցի, որ ամիսներ առաջ Երևանում հնարավորություն ունեցանք դիտել Շառլ դը Գոլին նվիրված գեղարվեստական ֆիլմ, որում նրան մարմնավորում է հայազգի Սիմոն Աբգարյանը։ Հպարտության զգացումը շատ մեծ էր։

-Շնորհակալություն։ Ֆրանսիայում այսօր հսկայական հայկական համայնք կա։ Նրանցից շատերը հայ են, բայց և ֆրանսիացի են, քանի որ կարողացել են լիովին ինտեգրվել մեր երկրում։ Նրանք քարոզում են այն ամենն, ինչը ֆրանսիական է, բայց Միսաք Մանուշյանի պանթեոնացումն ավելի մեծ խթան դարձավ, որպեսզի վերջիններս կարողանան առավել եռանդուն գործել, պահպանել այն հավասարակշռությունը, որը պահում է մեր երկիրը՝ Ֆրանսիան։ Կարծում եմ՝ հայ համայնքի և այն բարեկամական կապերի շնորհիվ, որոնք կան Ֆրանսիայի և Հայաստանի միջև, մենք կկարողանանք ավելի առաջ գնալ և քարոզել այն ունիվերսալ եղբայրության գաղափարը, որն այսօր կա հայ-ֆրանսիական հարաբերություններում։

-Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոսով հայ է և հարյուր տոկոսով ֆրանսիացի է։  Եվս մեկ անգամ շնորհակալ ենք Ձեզ մեր հրավերն ընդունելու համար և Ձեր երկրին, որը կարողացել է այնպիսի պայմաններ ստեղծել մեր գաղթականների համար, որ նրանք սիրել են Ֆրանսիան, հպարտացել են Ֆրանսիայով, պայքարել են այդ երկրի համար և չեն մոռացել հայկական արմատները։

-Շնորհակալություն։

 

Հայերեն Русский

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը

Եվրոպական ինդեքսներ - 01/10/26

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 01/10/26