Իսրայելի և Հնդկաստանի ղեկավարները «հերոս» են անվանել Դուբայից Թել Ավիվ թռնող ինքնաթիռը կործանումից փրկած հնդիկ օդաչուին
3 րոպեի ընթերցում
Իսրայելի և Հնդկաստանի ղեկավարները հերոս են անվանել հնդիկ օդաչու Սմիթ Մաչհչարին, ով կարողացել էր դիմադրել իրեն դանակահարած flydubai ավիաընկերության երկրորդ օդաչուին ու օգնել, որպեսզի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կատարի։
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռնող օդանավը փոխել էր ուղղությունը՝ տալով ընդհանուր վթարային ազդանշան։ Ավելի ուշ ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի «Թաբուկ» օդանավակայանում։ Պարզվել է, որ երկրորդ օդաչուն դանակահարել է օդաչուին, ինչի ժամանակ ինքնաթիռը կտրուկ սկսել է բարձրությունը կորցնել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսնակը Reuters-ին հայտնել է, որ Մաչհչարը, ամբողջովին արյունոտված, գտնվել է ինքնաթիռի հատակին, երբ կարողացել է սեղմել օդաչուական խցիկի դուռը բացելու կոճակը։ Դա հնարավորություն է տվել ուղևորներին և անձնակազմին վնասազերծել երկրորդ օդաչուին, իսկ ինքնաթիռում գտնվող flydubai-ի մյուս երկու օդաչուները կարողացել են ինքնաթիռը բարեհաջող իջեցնել Սաուդյան Արաբիայում։
«Ողջույններս հնդիկ օդաչու, կապիտան Սմիթ Մաչհչարին՝ ցուցաբերած բացառիկ խիզախության համար։
Չնայած դանակահարվելուն և ծանր վիրավորվելուն՝ նա դիմադրել է, պայքարել, բացել օդաչուական խցիկի դուռը և հնարավորություն տվել ուղևորներին ու անձնակազմին վնասազերծել հարձակվողին՝ կանխելով օդում հնարավոր աղետը։ Նա փրկել է 174 մարդու կյանք, այդ թվում՝ Իսրայելի և այլ երկրների քաղաքացիների։ Նա իսկական հերոս է», - X սոցիալական ցանցում գրել է Նեթանյահուն՝ շուտափույթ ապաքինում մաղթելով Մաչհչարին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս X-ում հրապարակված գրառմամբ գովաբանել է Մաչհչարին՝ նրան անվանելով «հերոս»։
«Ամենասուր վտանգի պայմաններում, չնայած ծանր վիրավորումներին, նա ցուցաբերել է իսկական քաջություն և անսասան վճռականություն՝ պաշտպանելու մյուսների կյանքը։ Նրա խիզախությունը նպաստել է հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկելուն և մեծ ողբերգություն կանխելուն», - գրել է Մոդին։
Մաչհչարն այժմ անհրաժեշտ բուժօգնություն է ստանում երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուք քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Սաուդյան Արաբիայում Հնդկաստանի դեսպանատունը X-ում հրապարակված գրառմամբ հայտնել է, որ նրա վիճակը կայուն է։
Օդաչուների միջև վեճի պատճառը դեռևս պարզ չէ։ Flydubai ընկերությունը հետաքննության ընթացքում դադարեցրել է դեպի Իսրայել և Իսրայելից իրականացվող չվերթները։