Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

4 րոպեի ընթերցում

ՀՀ վաստակավոր նկարիչ, հագուստի դիզայներ Աննա Հարությունյանը ժամանակ առ ժամանակ իր ստեղծած հագուստի յուրահատուկ հավաքածուները ներկայացնում է աշխարհի հեղինակավոր հարթակներում՝ պատմելով տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս անգամ Հարությունյանն իր «Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուով հանդես է եկել Միլանի նորաձևության շաբաթվա (Milan Fashion Week) ընթացքում կազմակերպված World Fashion Festival Award-ին և արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին։

«Միջոցառմանը մասնակցում էր 47 դիզայներ աշխարհի տարբեր երկրներից։ Սկզբում իր հավաքածուն ներկայացրեց Լյուքսեմբուրգից ժամանած դիզայները, որը, եթե չեմ սխալվում, թագավորական ընտանիքից էր, այնուհետև ես ներկայացրի իմ հավաքածուն, որը տպավորեց բոլորին։ Հավաքածուն բաղկացած է մի շարք հագուստներից, սակայն այս անգամ ցուցադրեցինք 16-ը։ Ե՛վ հագուստները, և՛ աքսեսուարները մեծամասամբ ձեռքի աշխատանք են, որոնց հեղինակը ես եմ։ Ցուցադրությունը ներկայացրինք թատերականացված բեմադրության տեսքով։ Բեմադրությունը ևս ես եմ արել։ Միշտ էլ փորձում եմ նոր ձևաչափով, նոր գաղափարներով հանդես գալ։ Իտալիայում հենց դա արժևորեցին՝ մոտեցումը, հագուստների կտորը, ձեռագործ աշխատանքը, որը բարձր է գնահատվում։ Ամբողջական աշխատանքը հիացմունք պատճառեց ներկաներին»,-նշում է Հարությունյանն ու հավելում՝ ինչպես ավելի վաղ Նյու Յորքում, այնպես էլ Միլանում իր հավաքածուն ցուցադրել է «Հող» խմբի երաժշտության ներքո, ինչը ևս գրավիչ է եղել։

Յուրաքանչյուր ցուցադրություն անելիս Աննա Հարությունյանն աշխատում է տարբեր ազգերի մոդելների հետ։ Այս անգամ համագործակցել է բրազիլացի, իտալացի, ռումինացի, ռուս, էստոնացի մոդելների հետ։ Ներկայացումն ամբողջացրել է հենց իր մասնակցությամբ։ Հարությունյանը ևս հանդես է եկել որպես մոդել, ինչը հազվադեպ երևույթ է ոլորտում։

«Ժյուրին ևս միջազգային կազմ ուներ։ Շատ հաճելի էր, որ նրանք խոսում էին  հավաքածուի ինքնատիպությունից, ասում, որ հրաշալի շոու ենք ներկայացրել։ Մասնակցում էր հիսուն երկիր, և յուրաքանչյուրը հետաքրքիր հավաքածուով էր ներկայանում, սակայն ես գիտեի, որ մեր անկեղծությունը կգնահատվի։ Երբեք չեմ կեղծում. ո՛չ ինձ եմ խաբում, ո՛չ հանդիսատեսին»,-շեշտում է նա։

Աննա Հարությունյանը հավաքածուներ է ստեղծում՝ մարդկանց ուշադրությունը համամարդկային արժեքների վրա հրավիրելու համար։ Նրա գործերի առանցքում աշխարհն է, կրոնն է, անհատն է, տարբեր ազգերն են՝ իրենց ավանդույթներով ու սովորույթներով։

«Հնագույն քաղաքակրթություններ» հավաքածուի միջոցով դիզայները հին աստվածների կերպարներն է կերտել, Ասորեստանի, Բաբելոնի, Հայաստանի ժողովուրդների ինքնությունն է ընդգծել։ Նպատակն է տարբեր ժողովուրդներին միավորել մեկ Աստծո լույսի գաղափարի շուրջ։ Ցանկանում է վերակենդանացնել ու ժամանակակից լեզվով մատուցել պատմությունը։ Հարությունյանի հավաքածուի հերոսները կենդանանում ու մարդկանց սթափության կոչ են անում, հիշեցնում, որ եղել են, չեն վերացել ու հորդորում են չմոռանալ իրենց արմատների մասին։

Հարությունյանը չի բացառում՝ հնարավոր է, որ մի օր աշխարհում նվաճումներ ունեցած հավաքածուն ցուցադրվի նաև Հայաստանում։

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք