1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Ազգերի լիգայի ընտրական փուլի երկրորդ տուրի մրցակից Չեռնոգորիային ֆավորիտ է համարում առաջիկա խաղում:
«Մենք կշարունակենք համեստ մնալ ու նայել առաջ, քանի որ Լատվիայի խաղն արդեն անցյալում է: Առջևում ունենք ևս 5 հանդիպում: Մենք գիտենք, որ շատ են վնասվածք ունեցող ֆուտբոլիստները, սակայն նմանատիպ խաղերում որոշիչ կարող է լինել ինքնանվիրումը: Տղաների հետ անելու ենք ամեն ինչ, ինչը մեզնից է կախված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տիկնիզյանը:
Ըստ ֆուտբոլիստի, ինքը խաղադաշտում ձգտում է անել այն, ինչ որպես առաջադրանք ստանում է մարզիչից:
«Չեռնոգորիան ֆավորիտ է մեր խմբում ու այս խաղում: Մենք գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը, սակայն մեր մրցակիցներն էլ պիտի գիտակցեն, որ խաղում ենք տանը, մեր երկրպագուների աջակցության ներքո ու իրենց հեշտ հանդիպում չի սպասվում»,- առանձնացրեց նա:
Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին սեպտեմբերի 28-ին կրկին Երևանում կհյուրընկալի արդեն Չեռնոգորիային: Այդ հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: