Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է կազմակերպել։ Երկու ղեկավարներն իրենց ելույթներում խոսել են ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Սա Չինաստանի ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն շուրջ մեկ տասնամյակի ընթացքում։

Սի Ծինփինը Թրամփի հետ հանդիպման ընթացքում ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների փոխայցերի վրա (խմբ.՝ Թրամփը Չինաստան էր այցելել մայիսին)՝ նշելով, որ այսքան կարճ ժամանակում տեղի ունեցած հանդիպումներն «աննախադեպ» են երկրների երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում։

Սի Ծինփինը նաև Թրամփի հետ քննարկել է Թայվանի խնդիրը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ-ն «Թայվանի հարցին կվերաբերվի խոհեմությամբ»։ Ըստ չինական պետական լրատվական գործակալության՝ Սի Ծինփինը «հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը «Թայվանի անկախությանը» դեմ լինելու ճիշտ դիրքորոշումը կորդեգրի»։

Նա նաև նշել է, որ չնայած Պեկինը և Վաշինգտոնը մրցակցում են արհեստական բանականության ոլորտում, սակայն համագործակցության շրջանակն ավելի լայն է։ Սի Ծինփինի խոսքով՝ կողմերը պետք է համատեղ վերահսկեն ԱԲ-ի չարաշահումը։

Թրամփն իր հերթին ընդգծել է երկկողմ առևտրի մեխանիզմի ներքո առաջընթացը՝ նշելով, որ ամերիկացի ֆերմերներն ավելի լայն մուտք կունենան չինական շուկա։

Հանդիպումից հետո պետական ընթրիքի ժամանակ Թրամփն իր չինացի գործընկերոջը նվիրել է սպիտակագլուխ ծովարծվի արձան, որը Միացյալ Նահանգների ազգային խորհրդանիշն է։

Սի Ծինփինն ընթրիքին իր ելույթում ընդգծել է ամերիկյան 250-ամյա պատմության ընթացքում ԱՄՆ-Չինաստան համագործակցության ուշագրավ պահերը։ Նա կոչ է արել, որ Չինաստանը և ԱՄՆ-ն «նոր մոտեցում» որդեգրեն և գործեն որպես պատասխանատու համաշխարհային տերություններ փոփոխվող աշխարհում։

Ընթրիքին հրավիրվածների ցուցակը, բացի ԱՄՆ վարչակազմի անդամներից, դիվանագետներից և պաշտոնյաներից, ընդգրկել է նաև ԱՄՆ տեխնոլոգիական հսկաների ղեկավարներին, այդ թվում՝ Nvidia-ի Ջենսեն Հուանգին, Tesla-ի Իլոն Մասկին, OpenAI-ի Սեմ Ալթմանին, Meta-ի Մարկ Ցուկերբերգին, Apple-ի Թիմ Քուքին և այլոց։

Թրամփը Սի Ծինփինին և ընթրիքի հյուրերին հրավիրել է Սպիտակ տան նոր պարահանդեսային սրահի շինարարությունը դիտելու։

Սի Ծինփինն ԱՄՆ իր պետական այցի ավարտին նաև պետք է Թրամփի հետ այցելի ԱՄՆ ազգային արխիվ։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Գուտերեշը և Լավրովը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա գլոբալ հետևանքները

Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Էրդողանին մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

Բժիշկների անհատական լիցենզավորման կարգը, սպասվող փոփոխությունները

Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել

Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է

Էրդողանը կրկին կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական մթերքներն ու արտադրատեսակները

Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները հայտնի են