Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ, ավելի ամուր է, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
2 րոպեի ընթերցում
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները զարգանում են արագ և ավելի ամուր են, քան երբևէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրել է X-ի իր միկրոբլոգում՝ դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Հարգելի՛ պարոն Փաշինյան, ինչպես միշտ, ուրախ եմ Ձեզ տեսնել: Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման ուղղությամբ։ Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթով, ինչպես նաև կամուրջներ մարդկանց միջև՝ խաղաղության ամրապնդմանն ուղղված մեր ներդրումներով:
Մեր ինքնավար առևտրային միջոցները նոր հնարավորություններ կբացեն. այժմ Հայաստանի արտահանման 80%-ը դեպի ԵՄ շուկա՝ չի հարկվում»,- գրել է նա:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է՝ Հայաստանն ու ԵՄ-ն ուժեղացնում են նաև էներգետիկ անվտանգությունը:
«Այսպիսով, Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը զարգանում է արագ, դեպի առաջ և ավելի ամուր է, քան երբևէ»,- նշել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաներին: