Ախուրյան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն ՔՊ-ն

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորելու է Ախուրյանի գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  առաջադրումների փուլն արդեն ավարտվել է։

Ախուրյանի առաջիկա ընտրությունների այս պատկերը էապես տարբերվում է 2021 թվականի ընտրություններից, երբ համայնքում պայքարում էր երեք քաղաքական ուժ։ Այդ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 6195 ձայն և 13 մանդատ, «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը՝ 3854 ձայն և 8 մանդատ, իսկ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ 2810 ձայն և 6 մանդատ։ Թեև քվեների թվով առաջին տեղը զբաղեցրել էր ՔՊ-ն, այն համայնքում իշխանություն ձևավորել չէր կարողացել։ «Ախուրյան» և «Հաղթանակ» դաշինքները համագործակցելուց հետո իրենց 14 մանդատով հնարավորություն էին ստացել համայնքի ղեկավար ընտրելու։ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին համայնքի ղեկավար էր ընտրվել «Ախուրյան» դաշինքի թեկնածու, ՀՅԴ անդամ Արծրուն Իգիթյանը։

2023 թվականի հուլիսին, սակայն, Ախուրյան համայնքում տեղի ունեցավ իշխանության փոփոխություն։ Արծրուն Իգիթյանը հրաժարական ներկայացրեց՝ որպես պատճառ նշելով առողջական խնդիրները։ Հուլիսի 19-ին համայնքի ավագանին նոր ղեկավար ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Զավեն Մանուկյանին։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 15 ավագանի, մեկը՝ դեմ, մեկը՝ ձեռնպահ։

Հայերեն