Հայաստանում ձևավորվում է տեխնոլոգիական ենթակառուցվածքի բավական մեծ ծավալ. NVIDIA-ի փոխնախագահը՝ ՀՀ-ի ԱԲ հզորությունների մասին
7 րոպեի ընթերցում
Հայաստանն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է տեխնոլոգիական նոր հեղափոխության ընձեռած անսահման հնարավորություններից օգտվելու և դրա յուրաքանչյուր շերտում ներկայացված լինելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերին կայանալիք Digitec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիսում առցանց հայտարարեց NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի առջև բացվել է մի հնարավորություն, որը կարող է լինել կյանքում, նույնիսկ, մեկ դարում մեկ անգամ։
«Այժմ տեսնում ենք արհեստական բանականության արտադրության նկատմամբ աննախադեպ պահանջարկ։ Հենց այդ պատճառով էլ ամենուր տեսնում ենք արհեստական բանականության գործարանների ստեղծում, և նույնիսկ դա դեռ բավարար չէ։ Այժմ շատերի համար արհեստական բանականությունը պարզապես վեբ-էջում գտնվող չաթբոտ է թվում։ Բայց արհեստական բանականությունը դրանից շատ ավելին է։ Արհեստական բանականություն ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ ամուր հիմք»,-նշում է Լեբարեդյանը՝ AI-ի էկոհամակարգը պայմանականորեն բաժանելով հինգ հիմնական շերտի՝ էներգիա, չիպեր, հաշվողական ենթակառուցվածք, մոդելներ և կիրառություններ։
Առաջին շերտը էներգիան է։ AI համակարգերի ուսուցումն ու գործարկումը պահանջում են մեծածավալ հաշվարկային հզորություն, իսկ դրա հիմքում էլեկտրաէներգիան է։ Հետևաբար, ըստ Լեբարեդյանի, Հայաստանի համար կարևոր խնդիր է էներգիայի արտադրության և համապատասխան ենթակառուցվածքների ընդլայնումը, քանի որ հասանելի էներգետիկ հզորությունը սահմանում է այն հաշվարկների ծավալը, որը հնարավոր է իրականացնել։
Երկրորդը չիպերի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների շերտն է։ Այստեղ Հայաստանը, նրա գնահատմամբ, իր չափերի համեմատ առանձնահատուկ դիրք ունի՝ հաշվի առնելով երկրում գործող միջազգային տեխնոլոգիական ընկերությունների և մասնագիտական ներուժի առկայությունը։
Լեբարեդյանը մատնանշում է NVIDIA-ն, Synopsys-ը, Siemens-ը, Cadence-ը, AMD-ն, Broadcom-ը և Cisco-ն՝ որպես Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հետ կապ ունեցող խոշոր ընկերություններ։ Այս համատեքստում խոսքը հիմնականում կիսահաղորդիչների նախագծման, ինժեներական, ծրագրային և հետազոտական կարողությունների մասին է:
Երրորդ շերտը հաշվողական ենթակառուցվածքն է։ Այստեղ արդեն խոսքը AI գործարանների և բարձր արտադրողականությամբ տվյալների կենտրոնների մասին է, որտեղ մեծ թվով GPU-ներ, ցանցային, պահեստավորման, էներգետիկ և հովացման համակարգեր միավորվում են մեկ ամբողջական ենթակառուցվածքում։ Դրանց նպատակն է ապահովել AI մոդելների ուսուցման, կատարելագործման և մեծածավալ գործարկման համար անհրաժեշտ հաշվարկային հզորությունը։
Հայաստանում այս ուղղությամբ արդեն ձևավորվում են խոշոր ենթակառուցվածքներ։ Հունիսից Գագարինում գործող Eleveight AI գործարանն աշխատում է 512 NVIDIA Blackwell B300 GPU-ով։ Ընկերության ներկայիս տվյալներով՝ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է մինչև 150 մլն դոլար, իսկ կենտրոնի հզորությունը՝ 5 ՄՎտ։ Հաջորդ ընդլայնման արդյունքում նախատեսվում է այն հասցնել 40 ՄՎտ-ի։
Օգոստոսին Հրազդանում բացված Firebird-ի AI գործարանի առաջին փուլը ներառում է 6,144 NVIDIA B200 GPU և 15 ՄՎտ հզորություն։ Ընկերության և NVIDIA-ի հրապարակած ծրագրի համաձայն՝ Հայաստանի տարածքում ենթակառուցվածքը նախատեսվում է զգալիորեն ընդլայնել՝ մինչև 2027 թվականի վերջը հասցնելով ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Rubin GPU-ի և 300 ՄՎտ հզորության։
Չորրորդ շերտը AI մոդելներն են՝ այն, ինչ սովորաբար առաջին հերթին ենթադրվում է արհեստական բանականություն ասելով՝ GPT-ի, Claude-ի և այլ առաջատար մոդելների նման համակարգերը։
Լեբարեդյանի տրամաբանությամբ՝ նման մոդելների ստեղծումն ու գործարկումը հնարավոր են միայն այն դեպքում, երբ դրանց հիմքում առկա են նախորդ շերտերը՝ բավարար էներգիա, համապատասխան չիպեր և մեծածավալ հաշվողական ենթակառուցվածք։ Հայաստանում ձևավորվող AI գործարանները հնարավորություն են ստեղծում տեղում AI մոդելներ ուսուցանելու, կատարելագործելու և գործարկելու համար՝ անհրաժեշտ հաշվարկային ենթակառուցվածքի առկայության դեպքում:
Հինգերորդ, և, Լեբարեդյանի գնահատմամբ, առավել կարևոր շերտը կիրառություններն են։ Այստեղ AI-ի տեխնոլոգիական հնարավորությունները վերածվում են կոնկրետ արտադրանքի և ծառայության՝ բիզնեսի, գիտության, կրթության, պետական կառավարման, արդյունաբերության և այլ ոլորտների համար։
Այս ուղղությամբ Հայաստանը, նրա խոսքով, ունի ավելի երկար ձևավորված հիմք, քանի որ ծրագրային ապահովման և տեխնոլոգիական լուծումների մշակման ոլորտը երկրում զարգանում է արդեն տասնամյակներ շարունակ։ Լեբարեդյանը նաև այդ զարգացման համատեքստում առանձնացնում է Digitec-ը, որն այս տարի անցկացվում է 21-րդ անգամ։
Միաժամանակ, NVIDIA-ի փոխնախագահի գնահատմամբ, այս հնարավորությունն այնքան մեծ է, որ Հայաստանը չի կարող այն իրացնել մեկուսացված կերպով։ Նրա խոսքով՝ հաջորդ քայլը տարածաշրջանային կապերի և գործընկերությունների ձևավորումն է, որը թույլ կտա համատեղ ստեղծել Հայաստանի հնարավորություններից ավելի մեծ տեխնոլոգիական էկոհամակարգ։
Այս համատեքստում նա կարևոր դեր է վերագրել Digitec-ին։ Այս տարի միջոցառումը վերածվում է արհեստական բանականությանը նվիրված համաժողովի, որը նախատեսված է AI-ի վերոնշյալ բոլոր շերտերի շուրջ քննարկումներ և համագործակցություն խթանելու համար։
Լեբարեդյանը «տարածաշրջան» հասկացությունը նույնպես ավելի լայն է դիտարկում, քան միայն Հարավային Կովկասը՝ ներառելով Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Կենտրոնական Ասիան։ Նրա գնահատմամբ՝ նման լայն համագործակցության դեպքում Հայաստանը կարող է դառնալ ավելի մեծ AI էկոհամակարգի մաս և իր տեխնոլոգիական հնարավորությունները կապել միջազգային շուկաների հետ։