Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

6 րոպեի ընթերցում

Ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանում «Firebird AI» ընկերության արհեստական բանականության գործարանի բացման, երկրի տեխնոլոգիական ներուժի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործակալությունը նշում է, որ «Սառը պատերազմ»-ի ժամանակ Խորհրդային Միության ամենափոքր պետությունը՝ Հայաստանը, կոմունիստական գերտերության էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների կենտրոնն էր, իսկ այժմ Հայաստանը գտնվում է աշխարհում ամերիկյան Արհեստական բանականության ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին։

«Սան Ֆրանցիսկոյում գործող Firebird ստարտափը օգոստոսին սկսեց Հայաստանում դատա-կենտրոնի կառուցումը, որի հզորությունը հաջորդ տարվա վերջին կհասնի 300 մեգավատի և հագեցած կլինի ավելի քան 70 000 գերժամանակակից չիպերով: Դրա մշակման հզորության մեկ հինգերորդը նախատեսված է ներքին օգտագործման համար՝ աջակցելու տեղական հետազոտական, կառավարական և ստարտափ էկոհամակարգերին, իսկ մնացած մասը հատկացվում է օտարերկրյա ընկերություններին, այդ թվում՝ ամերիկյան ընկերություններին, ինչպիսիք են Perplexity AI-ը»,- նշված է հոդվածում:

Firebird ընկերությունը, որի հիմնադիրները հայկական ծագում ունեն, ընդգծել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Հրազդան քաղաքի համալիրը շուտով կդառնա տարածաշրջանի խոշորագույն հաշվողական կլաստերը և կընդգրկվի Եվրոպայի խոշորագույնների շարքում:

«Սա տնտեսական առավելություն է, որը հեռահար հետևանքներ ունի Հարավային Կովկասի և հարևան Կենտրոնական Ասիայի համար, որտեղ Firebird-ն արդեն ընդլայնվում է, և որտեղ խոշոր տերությունները մրցում են ռազմավարական միջանցքում գերիշխանության համար, որը միացնում է Եվրոպան և Չինաստանը ՝ շրջանցելով Ռուսաստանը»,- ասված է հրապարակման մեջ

«Հայաստանն ունի ակնառու տեխնիկական տաղանդներ  և դինամիկ, աճող նորարարական էկոհամակարգ։ Այդ իսկ պատճառով մենք վաղուց սկսել ենք ներդրումներ կատարել նրա ապագայի համար: Մենք գիտենք, որ Հայաստանը կարող է տնտեսական հնարավորություններ ստեղծել, որոնք իրենց հերթին կամրապնդեն տարածաշրջանային կապերը և կօգնեն երկարաժամկետ կայունության հիմք ստեղծել»,- նշել է Nvidia-ի ներկայացուցիչը:

Տվյալների կենտրոնն արդեն իր դերն է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործում: Բանակցություններում ներգրավված մարդկանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոստացել է թույլատրել Nvidia-ի արտահանումը, որպեսզի Հայաստանի հետ բանակցությունները առաջ տանեն Ադրբեջանի հետ պատմական համաձայնության ճանապարհին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է, որ անցյալ տարի Վաշինգտոնում ստորագրված երկկողմ համաձայնագրերը, այդ թվում՝ Կիսահաղորդիչների և արհեստական ինտելեկտի վերաբերյալ, Հայաստանի համար կարևոր խաղաղ դիվիդենտներ են ներկայացնում»,- նշված է հոդվածում:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Nvidia-ի հետ Հայաստանի համագործակցությունը սկսվել է 2019 թվականին, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր չիպեր արտադրող Սանտա Կլարայի գրասենյակ՝ OpenAI - ի ChatGPT-ի գործարկումից և արհեստական ինտելեկտի բում առաջացնելուց մի քանի տարի առաջ: Այս հանդիպումը կազմակերպել էր ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Արշակյանը, ով եղել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների նախարարության հիմնադիրներից մեկը, իսկ այժմ ղեկավարում է հիմնադրամի վարչությունը, որը խթանում է նորարարությունը Հայաստանում և միավորում է տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտի ղեկավարներին ամբողջ աշխարհից:

«Ըստ Արշակյանի, ով 2024 թվականին մասնակցել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ չիպեր ստանալու վերաբերյալ բանակցություններին, ավելի քան վեցամսյա բանակցություններից հետո, պետական համալսարանի նախագիծը արտահանման լիցենզիաներ է ստացել Nvidia H100-ի 64 առաջատար արագացուցիչների խմբաքանակի համար, որն այն ժամանակ տարածաշրջանի ամենամեծ գերհամակարգիչն էր:

Արշակյանի խոսքով ՝ նախագծի մեկնարկի համար պահանջվել է ավելի քան մեկ տարի, քանի որ Հայաստանին պակասում էին տվյալների մշակման կենտրոնների կառուցման մասին գիտելիքները: Սակայն այդ փորձը թույլ է տվել կարևոր գիտելիքներ ձեռք բերել բոլոր ոլորտներում՝ մասնագիտացված շինարարությունից մինչև ԱՄՆ արտահանման կարգավորում», - ասվում  է հոդվածում:

Firebird ընկերությունը 2026 թվականի օգոստոսին Հայաստանում գործարկել է ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գործարանը՝ ստեղծելով ԱԲ հաշվարկային նոր կենտրոն, որը հիմնված է NVIDIA-ի արագացված հաշվարկային տեխնոլոգիաների և Dell Technologies-ի բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքի վրա։ ԱԲ գործարանները ԱԲ-ի դարաշրջանի հիմնարար ենթակառուցվածքներն են՝ ապահովելով անհրաժեշտ հաշվարկային հզորություններ՝ տարբեր ոլորտներում ԱԲ մոդելները լայնածավալ մասշտաբով ուսուցանելու, կատարելագործելու և կիրառելու համար։ Հրազդանում ԱԲ գործարանի բացման արարողության մասնակիցներին տեսաուղերձ է հղել NVIDIA ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Յենսեն Հուանը։

Հայերեն English Français Русский

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26