Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա և մեր պետականության վերականգնման 35-րդ տարեդարձի առթիվ։ 35 տարին պետականության պատմության մեջ միաժամանակ երկար և շատ կարճ ժամանակ է։ Բավական երկար՝ անցած ճանապարհը գնահատելու համար, և բավական կարճ՝ հասկանալու, որ անկախ պետությունը երբեք ավարտված ձեռքբերում չէ։

Անկախության օրը, հետևաբար, միայն պատմական իրադարձության խորհրդանիշ չէ։ Այն մեզ համար պատասխանատվության և պարտքի մասին մտածելու օր է։

Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը ցանկացած ժողովրդի համար հիմնարար և անփոխարինելի արժեքներ են։ Հայ ժողովուրդը հազարամյակների պատմության ընթացքում անցել է պետականության կորստի ու վերականգնման, վերելքների և ծանրագույն փորձությունների միջով։

Այսօր մենք ունենք այն, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել են՝ Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի Հանրապետությունը պարզապես մեր ներկայի պետական կազմակերպությունը չէ։ Այն հայ ժողովրդի պատմական շարունակականության այսօրվա իրականությունն է և աշխարհասփյուռ հայության՝ սեփական պետություն ունենալու դարավոր ձգտման մարմնավորումը։ Այդ պատճառով պետությունը մեզանից յուրաքանչյուրի համար ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն։

Անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու կարողությունն է։

Ազատությունը սեփական որոշումները կայացնելու և դրանց պատասխանատվությունը ստանձնելու հնարավորությունն է։

Ինքնիշխանությունը սեփական շահը ձևակերպելու և պաշտպանելու քաղաքական կարողությունն է։

Ուստի, պետականությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ։ Այն ամեն օր ստեղծվող ու ամրապնդվող իրականություն է։

Այսօր մենք իրավունք ունենք մեր պետության մասին խոսելու բաց և անկեղծ՝ տեսնելու ձեռքբերումները, ընդունելու թերություններն ու չկատարված աշխատանքը։ Դրանք շատ են։ Բայց հենց մեր պետության նկատմամբ պատասխանատվությունն է մեզ պարտավորեցնում դրանք լուծել ոչ թե միմյանցից հեռանալով, այլ աշխատելով՝ տարբեր կարծիքներով, բանավեճով և քաղաքական մրցակցությամբ։

Այս տարվա հունիսին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանի քաղաքական կյանքի կարևոր հանգրվան էին։ Ժողովրդավարական գործընթացը շարունակվում է, և ընտրությունների արդյունքը նոր քաղաքական պատասխանատվություններ է ձևավորում։

Մենք կարող ենք տարբեր կերպ պատկերացնել Հայաստանի ապագան, ունենալ տարբեր քաղաքական հայացքներ ու լուծումներ, բայց այդ տարբերությունների հիմքում պետք է մնա մեկ ընդհանուր արժեք՝ Հայաստանի Հանրապետությունը։

Այսօր փոխվում է աշխարհը, փոխվում է մեր տարածաշրջանը, փոխվում են անվտանգության, տնտեսության և զարգացման պայմանները։ Այս իրողություններին դիմագրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը, և ամուր՝ առանց կորցնելու փոփոխվելու կարողությունը։ Մենք կարող ենք և պետք է փոխենք քաղաքականություններ, բարեփոխենք ինստիտուտներ, գտնենք նոր լուծումներ։ Բայց անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող լինել իրավիճակային արժեքներ։

Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը։

Անկախության 35-րդ տարեդարձը մեզ պարտավորեցնում է երբեք չմոռանալ, թե որտեղից ենք եկել, ոգով, հավատով ու խիզախությամբ ամրագրել, թե ինչ պետություն ենք ուզում թողնել հաջորդ սերունդներին։

Մեր պատասխանատվությունն է նրանց փոխանցել ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն՝ իր ապագան ինքնուրույն կերտելու ներուժով։

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է։ Սա է անկախության իմաստը։ Սա է մեր պետական պարտքը։ Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և աշխարհասփյուռ հայությանը Անկախության օրվա առթիվ։ Խաղաղություն և ամրություն մեր պետությանը, ազատություն և արժանապատվություն՝ մեր քաղաքացիներին։ Փառք նահատակներին և Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Հայերեն العربية Русский

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

ՀՀ վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան