Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա
3 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան հայտնել է, որ հութիների կողմից դեպի Մեքքա արձակված անօդաչու թռչող սարքը խոցվել և ոչնչացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է, որ Թագավորական ռազմաօդային պաշտպանության ուժերը որսացել են անօդաչու թռչող սարքը՝ նախքան դրա մուտքը սահմանափակ թռիչքային գոտի։
Ալ-Մալիքին դատապարտել է միջադեպը՝ զգուշացնելով, որ երկու սուրբ մզկիթների և ուխտավորների անվտանգությունը «կարմիր գիծ» է։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան անվտանգության նախազգուշացում էր հրապարակել սուրբ Մեքքա քաղաքի համար. սա առաջին դեպքն էր 2017 թվականից ի վեր, երբ հութիները փորձել էին թիրախավորել այն։
Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարին կտրականապես հերքել է այն պնդումը, թե իրենք սպառնալիք են ներկայացնում Մեքքա քաղաքի կամ իսլամական այլ սրբավայրերի համար։
«Եմենից սրբավայրերի համար վտանգ չկա, քանի որ զինված ուժերի գործողությունները թիրախավորում են նավթային օբյեկտներն ու ռազմական բազաները, որոնք գտնվում են սրբավայրերից շատ հեռու», - նշել է նա։
Սարին հայտնել է, որ այս շաբաթվա ընթացքում սաուդյան ռազմական ինքնաթիռներն ավելի քան 450 հարված են հասցրել Թաիզի, Լահջի, ալ-Ջաուֆի, Հաջջայի, Մարիբի, Սաադայի և ալ-Բայդայի շրջաններին։
Նա հավելել է, որ քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել են զոհեր և վիրավորներ։ Խոսնակը նշել է, որ Եմենի Մարիբի նահանգի երկնքում խոցվել է սաուդյան F-15 կործանիչ։
Սարիի խոսքով՝ հութիները «բոլոր հասանելի միջոցներով շարունակելու են պաշտպանել երկրի օդային տարածքն ու ինքնիշխանությունը ցանկացած ագրեսիայից կամ ոտնձգությունից»։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը, հայտարարել էր, որ հութիների հարվածներից Թագավորության Խամիս Մուշաիտ, Աբհա և ատ-Տաիֆ քաղաքներում վիրավորվել է 13 մարդ։
Սեպտեմբերի 3-ից հութիները խոշոր հարձակման են անցել և գրավել Կարմիր ծովի ափամերձ մի քանի շրջան, որոնք գտնվում էին կառավարության ուժերի վերահսկողության տակ: Շարժումը նաև գրավել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզին: