2 րոպեի ընթերցում
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրի մրցակից Պրահայի «Սպարտա»-ին լուրջ և բազմափորձ մրցակից է համարում:
«Եվրոպայի լիգայի մեկնարկում մեր հաղթանակի գրավականը պետք է լինի մեր անցած ճանապարհը: Սա առաջին հերթին ֆուտբոլիստների արժանիքն է, որ «Արարատ-Արմենիա»-ն այժմ Եվրոպայի լիգայում է: Հասկանում ենք նաև, որ այստեղ պետք է բարձր մակարդակի խաղ ցույց տանք: Ամեն ինչ անելու ենք, որ այս խաղում գործենք մեր առավելագույն ներուժով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսին ասաց Տուլիպան:
Ըստ մասնագետի` «Սպարտա»-ն իր լավագույն ժամանակները չի ապրում, սակայն դա չի նշանակում, որ նրանք ներուժով թիմ չեն:
«Սպարտա»-ի հարձակման գիծն ունի որակապես ուժեղ ֆուտբոլիստներ, ինչը ենթադրում է, որ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք այդ դիրքի ֆուտբոլիստներին: Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն: Մեր խնդիրը այս խաղում նրանց թույլ կողմերը գտնելն է: Նպատակը մեկն է` հաղթել»,-առանձնացրեց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջնության հիմնական փուլի անդրանիկ տուրում «Արարատ-Արմենիա»-ն Հանրապետական մարզադաշտում` սեպտեմբերի 16-ին, կհյուրընկալի Պրահայի «Սպարտա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 20:45-ին: