4 րոպեի ընթերցում
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը
Անկլավների հարցի գործնական լուծման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Տիգրանաշենի շուրջ վերջին քաղաքական հայտարարությունների և «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների՝ բնակավայր կատարած այցի վերաբերյալ հարցին։
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի հաշվարկում ադրբեջանական նախկին անկլավները ներառված չեն, մինչդեռ Արծվաշենը ներառված է։
«Էլի եմ ասում՝ ես Տիգրանաշեն անունը չեմ օգտագործել, ես օգտագործել եմ Քյարքի անունը և ասում եմ, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ՝ 29 743 քառակուսի կիլոմետրի մեջ, Քյարքին, ինչպես նաև մյուս անկլավները չեն մտել, այլ ընդհակառակը՝ մտել է Արծվաշենը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի գնահատմամբ՝ այն ուժերը, որոնք հայտարարում են, թե թույլ չեն տալու հարցի նման լուծում, փաստացի պատերազմի վտանգ են ստեղծում։
«Հիմա նրանք, որոնք ասում են, որ՝ ոչ, մենք թույլ չենք տալու, հրահրում են պատերազմ։ Ես էլի եմ ասում՝ ինչպես կլուծվի այդ հարցը՝ դա երկրորդ հարցն է։ Փաստի արձանագրումը մի բան է, գետնի վրա լուծումները՝ այլ բան»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց, որ անկլավների հարցում որևէ կոնկրետ պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև առայժմ ձեռք չի բերվել։
«Դրա վերաբերյալ այս պահի դրությամբ չկա, չի եղել որևէ պայմանավորվածություն։ Իմ հիմնական խնդիրն է այդ հարցի շուրջ նյարդը վերացնել, որպեսզի մենք ստանանք նորմալ լուծումներ»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Քյարքին Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մաս համարելը կնշանակի կասկածի տակ դնել Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի վերաբերյալ դիրքորոշումը։
«Եթե որևէ մեկն ասում է, որ՝ ոչ, Քյարքին Հայաստանի մեջ է, նշանակում է, որ ասում է՝ Հայաստանի տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր չէ, այլ, օրինակ, 29 750 քառակուսի կիլոմետր է։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ հանրությանը բաց ներկայացրել է իր դիրքորոշումը և այլևս չի ցանկանում այնպիսի իրավիճակ, երբ իշխանությանը հետագայում մեղադրեն հնարավոր զարգացումների մասին նախապես չխոսելու համար։
«Ես թափանցիկ կերպով ամեն ինչի մասին խոսում եմ և խոսել եմ։ Եվ հանրությունն ունի այդ ընտրությունը։ Չնայած ընտրությունները նոր են տեղի ունեցել, հանրությունը կարող է ցանկացած պահի գնալ պատերազմի եռագլուխ կուսակցության հետևից, բայց ես այլևս թույլ չեմ տալու, որ 2018-20 թվականների սցենարը լինի, որ ասեն՝ ինչո՞ւ չէիր ասում։ Հիմա ասում եմ»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը կրկին ընդգծեց, որ տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշումն ինքնին չի նշանակում, որ արդեն որոշված է հարցի գործնական լուծման ձևը։
«Բայց դա էլ եմ ուզում կրկին պարզաբանել՝ փաստի արձանագրումն ուրիշ բան է, գետնի վրա լուծումների հարցը բոլորովին ուրիշ բան է»,- եզրափակեց նա։