Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դատաիրավական համակարգի առջև լուրջ խնդիր է դրել՝ պատշաճ ուշադրություն դարձնել հատկապես սոցիալապես խոցելի անձանց, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների քննությանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը հայտնեց, որ գլխավոր դատախազին խնդրել է ուսումնասիրել վերջին 10-15 տարիներին անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ կարճված քրեական գործերը։

«Ես դատաիրավական համակարգի առաջ շատ լուրջ խնդիր եմ դրել։ Ասում եմ՝ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում։ Գիտե՞ք՝ ինչու, որովհետև մեծ հավանականությամբ այդպիսի դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, ովքեր ամուր սոցիալական թիկունք չունեն։ Բա որ այդ իրավիճակում պետությունը թիկունք չկանգնի այդ երեխեքին, ո՞վ է թիկունք կանգնելու»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դատական իշխանության անկախությունը չի ազատում գործադիր իշխանությանը երկրում ստեղծված իրավիճակի համար քաղաքական պատասխանատվությունից։

«Դրա քաղաքական պատասխանատուն ես եմ։ Երբ ուզում ենք դրա քաղաքական պատասխանատվությունը կրել, ասում են՝ բա դատարանի անկախությո՞ւնը։ Այսինքն՝ դատարանի անկախությունը նրա համա՞ր է, որ լինի թալանչու օգտին՝ ընդդեմ բռնաբարված երեխաների։ Ինչպե՞ս կարող է այդպիսի բան լինել։ Ես, օրինակ, խնդրել եմ գլխավոր դատախազին, որ վերջին 10-15 տարում ինչքան անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության կարճված գործեր կան, հանեն, նորից նայեն։ Գնում եմ գյուղեր, մարդիկ բաներ են պատմում՝ գետինն եմ մտնում, դեպքեր, որոնց մասին ամբողջ գյուղը գիտի»,- ասաց վարչապետը։

Վարչապետը դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ իր քննադատությունը կապեց նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ ընթացող գործերի հետ։

«Ես ասել եմ, որ դատաիրավական համակարգում խնդիր կա։ Ասում եմ՝ այս գործերը, որ կան, որ մի հատ էլ կապում են քաղաքական պրոցեսների հետ, նոր գործե՞ր են։ Նոր իմացա՞նք, որ Ռոբերտ Քոչարյանը միլիարդատեր է կամ Գագիկ Խաչատրյանը միլիարդատեր է»,- ասաց Փաշինյանը։

Նա քննադատեց նաև այն իրավիճակները, երբ քրեական վարույթի մասնակիցների առողջական վիճակը խոչընդոտ է դառնում վարույթի իրականացման համար։

«Այդ մարդիկ մեկ ամիս առաջ պտտաձողի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են՝ դառնում են մահամերձ։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Մահամերձ են՝ ընտրությունների ժամանակ ասեին, որ մահամերձ են»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ խնդիրը միայն դատական համակարգում չէ, և վարույթի տարբեր փուլերում առանձին փոքր խնդիրների կուտակումն ի վերջո ազդում է գործերի արդյունքի վրա։

«Մի փոքր օպերատիվ օղակում է ինչ-որ բան տեղի ունենում, մի շատ փոքր բան տեղի է ունենում քննչական օղակում, մի շատ փոքր բան տեղի է ունենում դատախազական օղակում, մի շատ փոքր բան տեղի է ունենում դատավարական օղակում, հետո էլ ասում են՝ դե անմեղության կանխավարկած է»,- ասաց նա։

Վարչապետը հիշատակեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի և Գագիկ Ծառուկյանի անունները՝ հարց բարձրացնելով, թե արդյոք նույն մոտեցումը կիրառվում է սոցիալապես խոցելի քաղաքացիների նկատմամբ։

«Այսինքն՝ այս երկրում անմեղության կանխավարկածից օգտվում են Գագիկ Խաչատրյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը։ Գնանք նայենք՝ մի խեղճ ու կրակ մարդու հետ այդ նույն ձևո՞վ են վարվում»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն English

Ռուսաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը

ERNA գիտության փառատոնին և COP17-ին ընդառաջ կանցկացվի «Զրույցներ բնության հետ» միջոցառումը

Անկլավների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա․ վարչապետ

Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին

Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը

Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացման վերաբերող հարցեր

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն