4 րոպեի ընթերցում
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկը պատմական իրադարձություն է ոչ միայն հայկական սպորտի, այլև Հայաստանի միջազգային տեսանելիության զարգացման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այդ որակի և այդ ստանդարտի մրցաշարի կազմակերպումը և հեծանվային սպորտը Հայաստան բերելը շատ կարևոր էր մեր սպորտի զարգացման և մեր երկրի տեսանելիության համար, որովհետև մրցաշարը հեռարձակվում է միջազգային բազմաթիվ հարթակներով, որոնք աշխարհի յուրաքանչյուր անկյունում տեսանելի են դարձնում Հայաստանում տեղի ունեցողը»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ սեպտեմբերի 11-ին հեծանվորդները Կիրանցից կուղևորվեն Ստեփանավան՝ անցնելով 176 կմ ճանապարհ։ «Վաղը անցնելու են Մարտունի-Պարզ լիճ ճանապարհը, որտեղ մտնելու են նաև տարբեր բնակավայրեր։ Սեպտեմբերի 13-ին Երևանում կլինենք, և հրապարակում կունենանք վերջնական ամփոփումը»,- նշել է նախարարը։
Անդրեասյանն ընդգծել է նաև մրցաշարի նկատմամբ բնակչության հետաքրքրությունը։ «Տեղում էլ բնակիչների հետաքրքրությունը շատ մեծ է։ Տվյալ տարածաշրջանների բնակիչների համար դա լավ իրադարձություն է։ Մրցաշարը կազմակերպված է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան և սպասարկվում է ամբողջությամբ լիցենզավորված անձնակազմի կողմից»,- ասել է նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը դարձել է հեծանվային սպորտի կարևոր կետ համաշխարհային քարտեզի վրա։ «Հեծանվային սպորտը ժամանակակից աշխարհում շատ մեծ տեսակարար կշիռ ունեցող մարզաձևերից մեկն է։ Երկու ամենամեծ հեծանվային մրցաշար ունեցող երկրները՝ Ֆրանսիան և Իտալիան, Եվրոպայի զբոսաշրջային առաջատարներն են»,- ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ հեծանվային մրցաշարերի հեռարձակումների ժամանակ ոչ պակաս կարևոր է ոչ միայն բուն մրցաշարի, այլև տվյալ երկրի լուսաբանումը։ «Երբ հեծանվային շարասյունն ընթանում է, շատ մեծ դեր է տրվում բնության, մոտակա հուշարձանների, ճանապարհների, բնակավայրերի լուսաբանմանը։ Այսինքն՝ ըստ էության, դա երկրի գովազդ է և շատ ավելի էֆեկտիվ»,- ընդգծել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ անհրաժեշտ է «Tour of Armenia»-ն դարձնել ամենամյա մրցաշար, ինչը կարող է նպաստել Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։
«Մենք պետք է այս մրցաշարը դարձնենք ամենամյա, և այն իր շատ մեծ ներդրումն ունենալու է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը»,- ասել է նա։
Վարչապետն անդրադարձել է նաև հեծանվային մշակույթի զարգացման կարևորությանը՝ այն կապելով առողջ ապրելակերպի հետ։ «Մենք խցանումային դարաշրջան ենք մտնում, որը հաղթահարելու ճանապարհներից մեկը հեծանվային կուլտուրայի ավելի լայն կիրառումն է, էլ չեմ ասում առողջ ապրելակերպի և ակտիվ կյանքի որդեգրման տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը։
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 13-ը։ Մրցաշարն ընդգրկում է 4 մրցափուլ՝ 587 կմ ընդհանուր հեռավորությամբ և 5300 մետր վերելքով։ Այն անցնում է Հայաստանի չորս մարզերով՝ Գեղարքունիք, Տավուշ, Լոռի և Արագածոտն, և եզրափակվում է Երևանում։ Մրցուղիների օրակարգն է՝ սեպտեմբերի 10-ին՝ Գավառ-Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11-ին՝ Կիրանց-Ստեփանավան, սեպտեմբերի 12-ին՝ Մարտունի-Դիլիջան/Պարզ լիճ, իսկ սեպտեմբերի 13-ին՝ Երևան։