Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները
2 րոպեի ընթերցում
Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) Կառավարիչների խորհուրդը 25 բազիսային կետով բարձրացրել է իր երեք հիմնական տոկոսադրույքները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Նիստից հետո կարգավորող մարմնի տարածած հայտարարության համաձայն՝ ավանդային գործիքի տոկոսադրույքը բարձրացվել է մինչև տարեկան 2,5%, հիմնական վերաֆինանսավորման գործառնությունների տոկոսադրույքը՝ մինչև 2,65%, իսկ սահմանային վարկավորման գործիքի տոկոսադրույքը՝ մինչև 2,9%։
«Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը շարունակում է գնաճային ճնշում առաջացնել, և հավանական է, որ գնաճը երկար ժամանակ զգալիորեն բարձր կմնա թիրախային մակարդակից»,- նշված է ԵԿԲ հայտարարության մեջ։
Բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտնել է, որ տոկոսադրույքները բարձրացնելու որոշումն ընդունվել է միաձայն։ Միաժամանակ նա նշել է, որ տոկոսադրույքների հետագա փոփոխության ուղղությունը չի քննարկվել, և կարգավորող մարմինը կառաջնորդվի ստացվող տնտեսական տվյալներով։
Հունիսյան նիստում ԵԿԲ-ն բարձրացրել էր տոկոսադրույքները (2023 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ)։ Դրամավարկային քաղաքականության խստացումը կապված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության և գնաճի արագացման հետ։