«Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի
3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին սեպտեմբերի 8-ի նիստում կողմ քվեարկեց համապատասխան որոշման նախագծին։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ներկայում Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և տրոլեյբուսային ուղևորափոխադրումներ իրականացնող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները համալրվել են GPS տեղորոշման համակարգով։
Նրա խոսքով՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարումը տրամաբանական շարունակությունն է Երևանի ավագանու կողմից Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկ ստեղծելու որոշման։
««Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարումն, ըստ էության, տրամաբանական շարունակությունն է Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծման որոշմանը կողմ քվեարկելուն։ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էլ ավելի տվյալահեն որոշումների կայացմանը երթևեկության կառավարման տեսանկյունից»,- նշեց փոխքաղաքապետը։
Գրիգորյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված առաջնային աշխատանքներից մեկը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է։ «Ստեղծվել է համապատասխան միջավայր, որտեղ արդեն իսկ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք կարող են վերաբերվել Երևանի քաղաքի երթևեկությանը»,- ասաց նա։
Անդրադառնալով «Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարման հետևանքով աշխատակիցների աշխատանքից զրկվելու խնդրին՝ փոխքաղաքապետը նշեց, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնում արդեն աշխատում են մի շարք աշխատակիցներ, որոնք նախկինում իրենց գործունեությունը ծավալել են «Երևանտրանս» ՓԲԸ-ում։ «Երևան քաղաքում ցանկացած վերակազմակերպման և ստորաբաժանումների վերաձևման տրամաբանությունը միշտ աշխատակիցներին առաջարկվում է այլընտրանքային աշխատանք, բնականաբար, եթե վերջիններիս աշխատանքային փորձը բավարարում է նոր ներկայացվող պահանջներին։ Այս դեպքը ևս բացառություն չի լինելու»,- ասաց Գրիգորյանը։