Անձնագիրը չի պատմում, թե ով ես դու իրականում. Ալբերտ Կարազիվանի պատմությունը

13 րոպեի ընթերցում

Հայկական ծագմամբ բելգիացի գործարար Ալբերտ Կարազիվանը միջազգային գործունեություն է ծավալել ամենատարբեր ոլորտներում՝ կոսմետիկայից ու անշարժ գույքից մինչև կենսաչափական տեխնոլոգիաներ։ Սակայն հաջողակ գործարարի կենսագրության հետևում կա մեկ այլ՝ ավելի անձնական պատմություն․ հայկական ինքնության մասին պատմություն, որը ձևավորվել է Հալեպի, Մարդինի, Սիրիայի ու Լիբանանի միջավայրում, փոխանցվել ընտանեկան հիշողությամբ և երբեք չի անհետացել։

Կարազիվանն ինքնության մասին խոսում է այնպես, կարծես, այն մարդու ներքին բնապատկերն է՝ մի բան, որը ամբողջությամբ չես ընտրում, և որը չի սահմանափակվում ո՛չ լեզվով, ո՛չ անձնագրով, ո՛չ էլ դրոշով։

«Ինքնությունն այն է, ինչ մենք զգում ենք՝ անկախ մեր կամքից»,– ասում է նա։ Նրա համոզմամբ՝ մարդու ինքնությունը ձևավորվում է երբեմն անտեսանելի թվացող բազմաթիվ մանրուքներից՝ մանկության տարիներին լսած լեզուներից, ընկերներից, ընտանիքից, անցած վայրերից, ժառանգված հիշողություններից ու վերքերից։ Նույն ընտանիքում մեծացած երկու եղբայրներն անգամ, ըստ նրա, կարող են ամբողջովին նույն ինքնությունը չունենալ։

Այս ընկալումը նրա համար տեսական գաղափար չէ։ Իր ամբողջ կյանքն անցել է մի քանի մշակույթների ու պատկանելությունների խաչմերուկում։

Բազմանդամ ընտանիքում մեծացած Ալբերտ Կարազիվանը պատանեկության տարիներն անցկացրել է Սիրիայում և Լիբանանում։ Այսօր նրա ընտանիքի անդամները բնակվում են Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Լիբանանում։ Մինչև 17 տարեկանը նա սովորել է Սիրիայում ու Լիբանանում, ապա ուսումը շարունակել Ֆրանսիայում և մոտ 18 տարեկանում հաստատվել Բելգիայում։ Այստեղ էլ կառուցել է իր կյանքը, ամուսնացել բելգուհու հետ և սկսել մասնագիտական ճանապարհը։

Սկզբում, սակայն, ծրագրել էր տեղափոխվել Կանադա, որտեղ արդեն բնակվում էր իր ընտանիքի մեծ մասը։ «Հետո պատահականությունն այնպես արեց, որ մնացի այստեղ»,– հիշում է նա։

Այդ «պատահականությունը» վերածվեց բազմաշերտ գործարար ուղու։ Կարազիվանը սկսեց կոսմետիկայի ոլորտից, կարճ ժամանակ աշխատեց նաև ադամանդի բիզնեսում, այնուհետև զարգացրեց կոսմետիկ արտադրության լաբորատորիա, որի արտադրանքը մատակարարվում էր այնպիսի հայտնի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Chanel-ը և Make Up For Ever-ը։

Հետագայում զբաղվեց ներմուծմամբ ու արտահանմամբ, արդյունաբերական ծրագրերով, աշխատեց Մերձավոր Արևելքի, մասնավորապես,  Սիրիայի և Իրաքի շուկաների հետ։ Դեռ 30 տարին չբոլորած՝ ներկայացնում էր բելգիական մետալուրգիական գործարան, որի համար տարածաշրջանի և լեզուների իր իմացությունը կարևոր առավելություն էր։

1990-ականներին նա ստեղծեց անշարժ գույքի խոշոր գործակալություն, որը հետագայում վաճառեց այն ժամանակվա BBL բանկին՝ ներկայիս ING-ին։ Սակայն մեկ հաջողված նախագիծը Կարազիվանի համար երբեք վերջնակետ չէր․ նա արդեն պատրաստվում էր անցնել հաջորդ ոլորտին։

1992 թվականից նա սկսեց հետաքրքրվել այնպիսի ուղղությամբ, որի մասին այն ժամանակ լայն հանրությունը գրեթե ոչինչ չգիտեր՝ կենսաչափությամբ։

«Այդ ժամանակ մարդիկ նույնիսկ չգիտեին՝ ինչ է նշանակում «բիոմետրիա» բառը։ Կարծում էին՝ կենսաբանության հետ կապված մի բան է»,– ժպիտով հիշում է Կարազիվանը։

Նա սկսեց զարգացնել մատնահետքերի համեմատման տեխնոլոգիաների ուղղությունը, ապա 1999 թվականին ձեռք բերեց համապատասխան ընկերություն և գործունեությունը տեղափոխեց Բելգիա։ Հետագայում ընկերությունը կենտրոնացավ ինքնության կեղծման դեմ պայքարի, քաղաքացիական գրանցման համակարգերի և անձը հաստատող փաստաթղթերի ստեղծման վրա։ Աֆրիկան դարձավ ընկերության գլխավոր շուկաներից մեկը։

Որոշ պետությունների ֆինանսական սահմանափակումներին համապատասխանելու համար նա զարգացրեց BOT՝ Build, Operate, Transfer մոդելը, երբ ընկերությունն ինքն է ֆինանսավորում և տեղադրում համակարգը, այն շահագործում, ապա վարձատրվում արդյունքների հիման վրա։

Սկզբում նույնիսկ բանկն էր նրան զգուշացնում․ «Դուք խենթ եք, սնանկանալու եք»։

Բայց մոդելն աշխատեց, և ընկերությունը երկրից երկիր ընդլայնելով գործունեությունը՝ դարձավ ոլորտի կարևոր դերակատարներից մեկը Աֆրիկայում։ Իսկ այսօր քառասունից ավել երկրներ իրենց կենսաչափական համակարգը վստահում են Ալբերտ Կարազիվանին։

Այս ամբողջ ճանապարհի մեջ գրեթե խորհրդանշական մի զուգադիպություն կա․ մարդը, որն ամբողջ կյանքում խորհել է այն մասին, թե ինչ է իրականում մարդու ինքնությունը, մասնագիտորեն զբաղվում է հենց այն համակարգերով, որոնց միջոցով պետությունները պաշտոնապես գրանցում են մարդու ինքնությունը։

Բայց նրա համար փաստաթուղթը մարդու ինքնության միայն արտաքին շերտն է։

«Փաստաթուղթը պարզապես վերնագիր է։ Դա գրքի նման է։ Դրսից տեսնում եք միայն վերնագիրը, բայց գիրքն այն է, ինչ ներսում է»,– ասում է նա։

Այս ընկալման հիմքում նաև ընտանեկան ծանր հիշողությունն է։ Ալբերտ Կարազիվանը ինը տարեկանում կորցրել է հորը։ Այդ տարիքում նա դեռ չէր կարող ամբողջությամբ հասկանալ կորստի խորությունը։ Տարիներ անց, սակայն, ցավը նոր իմաստ ստացավ, երբ սկսեց պատկերացնել իր հորը։

Մանկության տարիներին հայրը հայտնվել էր տեղահանվողների քարավանների մեջ։ Նա գրեթե երբեք չէր պատմում այդ շրջանի մասին։ Ընտանեկան պատմությունը պահպանել էր հիմնականում նրա զարմուհին, որը դարձել էր այդ հիշողության կրողը։

Մի դրվագ հատկապես խորն է մնացել ընտանիքի պատմության մեջ։

Փրկվելու համար նրա հայրը թաքնվել էր գնացքի տակ, որը շարժվում էր սիրիա-թուրքական սահմանի երկայնքով։ Նա մինչև Հալեպ մնացել էր վագոնների տակ՝ նույնիսկ չարձագանքելով կայարաններում իրեն փնտրող զարմուհու՝ Մարիի ձայնին՝ վախենալով, որ իրեն կգտնեն։

Մինչ այդ նա իր աչքի առաջ տեսել էր ընտանիքի անդամների սպանությունը, իսկ մայրը նրան թաքցրել էր կահույքի տակ։ Զարմուհին, իր հերթին, վնասել էր դեմքը, որպեսզի իրեն չառևանգեն։  Այս պատմությունը Կարազիվանների ընտանիքում չի ներկայացվում որպես հերոսական լեգենդ։ Այն ավելի շուտ մնացել է որպես լուռ հետք։

Հենց այդտեղից էլ, կարծում է Ալբերտ Կարազիվանը, կարող է ծագել հայերին բնորոշ վերականգնվելու և նորից սկսելու ուժը։

«Երբեմն ասում են՝ հայերը լավ առևտրականներ կամ լավ արհեստավորներ են։ Ես կարծում եմ՝ դա ավելի խորն է։ Դա գալիս է որոշակի դիմակայունությունից»,– ասում է նա։

Նրա ընկալմամբ՝ այդ դիմակայունությունը սեփական վիճակին չհանձնվելու, նվաստացումը և պարտությունը որպես վերջնական իրականություն չընդունելու կարողությունն է։

Կարազիվանը, սակայն, հայերենին լիարժեք չի տիրապետում։ Հալեպում մանկության տարիներին դրա պատճառով երբեմն կասկածի տակ էին դնում նրա հայկականությունը։ Դպրոցական ընկերներից ոմանք ասում էին, թե քանի որ նա հայ կաթոլիկ է և լավ չի խոսում հայերեն, «իսկական հայ» չէ։ Տասնամյակներ անց նա նույնքան վճռականորեն մերժում է այդ մոտեցումը։

«Որևէ մեկը իրավունք չունի որոշելու, թե որն է ուրիշի ինքնությունը։ Ես չեմ կարող ասել՝ դու լավ հայ ես, թե վատ հայ»,– ընդգծում է Կարազիվանը։

Նրա համար հայկականությունը չի չափվում միայն լեզվի իմացությամբ կամ համայնքային որևէ չափանիշով։ Այն ընտանեկան հիշողություն է, պատմություն, պատկանելության զգացում, նաև քրիստոնեական ինքնություն, որը խորապես կապված է Արևելքի հայերի պատմության հետ։

«Նույնիսկ եթե շատ հավատացյալ չենք, կարծում եմ՝ մեզանում քրիստոնեական ինքնություն կա։ Դա կարող է հակասական թվալ, բայց իրական է»,– ասում է նա։

Տարիներ շարունակ նաև ուսումնասիրել է սեփական ընտանիքի պատմությունը՝ դիմելով Մխիթարյանների ու եկեղեցական արխիվների օգնությանը։ Կարազիվանի խոսքով՝ իրենց ազգանվան պատմությունը մի քանի դարերի խորություն ունի և կապված է Մարդինի ու Հյուսիսային Միջագետքի հետ։

Սակայն ընտանեկան հիշողության մեջ բազմաթիվ բացեր կան։ Պատերազմները, տեղահանությունները, կոտորածներն ու հրդեհները ոչնչացրել են մեծ թվով արխիվներ։ Նա հիշեցնում է, որ Մարդինի հայկական եկեղեցին ևս այրվել է, և փաստաթղթերը կորսվել են։

Այդ պատճառով ազգանունը նրա համար երբեմն ինքնին դառնում է արխիվ՝ անցյալից մնացած նշան։  Իր չորս երեխաների դեպքում Կարազիվանը հայկական ինքնությունը փոխանցելու հարցում ընտրել էր մի ճանապարհ, որը, գուցե,  հակառակն է սփյուռքյան շատ ընտանիքների մոտեցման։

Բելգուհու հետ ամուսնացած և երկար տարիներ Եվրոպայում բնակվող գործարարը չի փորձել երեխաներին պարտադրել հայկական ինքնությունը։ Նա կարծում էր, որ նրանց համար առաջին հերթին կարևոր է ամբողջությամբ ինտեգրվել այն հասարակությանը, որտեղ ապրում են։

«Մտածում էի՝ թող իրենց ինքնությունը վերցնեն այն երկրից, որտեղ ապրում են»,– պատմում է նա։ Բայց ժամանակի ընթացքում հակառակն է տեղի ունեցել։

Նրա չորս երեխաներից առնվազն երեքը սկսել են ինքնուրույն փնտրել իրենց արմատները։ Նրանցից ոմանք այցելել են Հայաստան և Սիրիա, իսկ դուստրերից մեկը նույնիսկ ցանկացել է որդուն հայկական անուն տալ։ Հայրն այդ պատմությունը պատմում է գրեթե ժպիտով։

Նա, ով ժամանակին ցանկացել էր երեխաներին ազատել մի քանի ինքնությունների բեռից, տեսավ, թե ինչպես նրանք ինքնակամ վերադարձան դեպի այդ պատմությունը։

Գուցե, հենց սա էլ ապացուցում է նրա հիմնական համոզմունքը՝ ինքնությունը հրահանգով չի փոխանցվում։ «Ոչ ոք իրավունք չունի որոշել ուրիշի ինքնությունը»,– ասում է Կարազիվանը։

Իսկ երբ հարցնում ես, թե ինչպես է այսօր ապրում իր հայկականությունը, պատասխանը շատ կարճ է․

«Այն հոգում է։ Մենք այն ամեն օր կրում ենք մեր հոգում»։

Հայաստանն էլ նրա կյանքում զբաղեցնում է ոչ այնքան ցուցադրական կամ միայն քաղաքական, որքան զգայական տեղ։

Նա հետևում է Հայաստանի ներքաղաքական կյանքին, ուշադրությամբ հետևում երկրին վերաբերող լուրերին և առանց մեծ հրապարակայնության աջակցում հայկական մի շարք կազմակերպությունների ու նախաձեռնությունների։ Նրա համար այդ աջակցությունը կարող է լինել թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական բնույթի․ եթե խնդիրը վերաբերում է Հայաստանին կամ հայությանը, այն դառնում է նաև իր մտահոգության մի մասը։

Հայաստանի հետ իր հարաբերությունը բացատրելու համար Կարազիվանը մի պարզ համեմատություն է բերում։

Հայաստանը, ասում է նա, նման է Արգենտինայում ապրող զարմուհու։ Գուցե, ամեն օր չտեսնես նրան, հաճախ չխոսես նրա հետ, բայց նա դրանից չի դադարում ընտանիքիդ անդամը լինել։ Երբ լսում ես, որ նրա կյանքում լավ բան է տեղի ունեցել, ուրախանում ես, իսկ երբ խնդիր ունի՝ ցավ ես զգում։

Թերևս, հենց այս պատկերն է ամենից ճշգրիտ բնորոշում Ալբերտ Կարազիվանի հայկականությունը։ Ո՛չ մշտական կարոտ, ո՛չ ցուցադրական հայրենասիրություն։

Նա զգուշությամբ է վերաբերվում ինքնությունը միայն խորհրդանիշների մակարդակում ապրելու գաղափարին։ Նրա խոսքով՝ բավական չէ անընդհատ «դրոշը բարձրացնել և ասել՝ ես այսինչն եմ»։ Ինքնությունը պետք է ապրել, կրել, արտահայտել սեփական գործով ու վերաբերմունքով։

Նա նախընտրում է հաջողությունը, հիշողությունը, փոխանցումն ու գործողությունը։

Եվ մարդը, որն իր կյանքում ստեղծել է ընկերություններ, աշխատել տարբեր մայրցամաքներում ու տասնամյակներ շարունակ զբաղվել մարդկանց պաշտոնական ինքնությունը հաստատող համակարգերով, վերջում վերադառնում է շատ պարզ մի մտքի։

Անձնագիրը կարող է պետությանը ասել, թե ով ես դու, բայց երբեք ամբողջությամբ չի կարող ասել, թե ով ես իրականում։

Ալբերտ Կարազիվանի համար այդ մյուս ինքնությունը՝ հիշողության, վերքերի, պատկանելության և անտեսանելի կապերի ինքնությունը, ճանապարհորդում է մարդու հետ։ Եվ երբեմն, նույնիսկ եթե թվում է, թե այն թողել ես անցյալում, հաջորդ սերունդներն են վերադառնում՝ այն նորից գտնելու։

Հայերեն