Փաշինյանը համոզված է, որ ժամանակի ընթացքում անկլավ-էքսկլավների թեման Հայաստանի ու Ադրբեջանի միջև կդառնա սովորական աշխատանքային հարց
5 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է՝ երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը գետնի վրա շարունակվի, անկլավ-էքսկլավների հարցը դառնալու է շատ սովորական աշխատանքային հարց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է ՀՀ կառավարության օգոստոսի 27-ի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։
«Անկլավների և սահմանազատման թեմաների հետ կապված մենք ունենք իրադրություններ, որ կարող ենք ճանապարհներից զրկվել, բայց Ադրբեջանն էլ ունի նման իրավիճակներ։ Մենք անընդհատ մեր դիրքից ենք նայում, և մեզ թվում է, թե այդ նույն խնդիրներից նրանք չունեն։ Նրանք էլ ունեն նման խնդիր։ Ընդհանրապես ես ձեզ ասեմ՝ այս առումով, զուտ բնակավայրերի հետ կապված մեր իրադրությունը, այդ թվում՝ վերջին տարիներին մեր կայացրած որոշումների և ենթակառուցվածքային ծրագրերի մասով, շատ ավելի լավ է, քան Ադրբեջանինը։ Իմ խնդիրն այս թեմայի ներվը հանելն է և՛ հանրությունների, և՛ կառավարությունների համար, որպեսզի երբ մենք շարունակենք սահմանազատումը գետնի վրա անել, մենք հանգիստ գնանք միմյանց հետ էլ քննարկենք, ժողովրդի հետ էլ քննարկենք։ Նախորդող շրջանում ոչ մի բանակցություն այս թեմայի շուրջ չի եղել, նախկինում եղել է մտքերի փոխանակություն, եղել են սահմանազատման սցենարներ՝ ոնց գնանք առաջ, անկլավների հարցը ի՞նչ ենք անելու։ Ես ուրախ եմ, որ մենք այս հարցում լարվածությունը կարողացել ենք զրոյացնել։ Հիմա մենք՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կլուծենք այն խնդիրը, որը բոլորին մտահոգում է։ Սա կդառնա սովորական աշխատանքային հարց, որը, ես համոզված եմ՝ լավագույն ձևով կլուծվի, որովհետև Ադրբեջանն էլ ունի խնդիրներ, մենք էլ ունենք խնդիրներ, և այդ խնդիրները ուղղակի պետք է նստենք ու իրար հետ հանգիստ քննարկենք»,-ասել է վարչապետը։
Վարչապետը հիշեցրել է նախորդիվ իր արած հայտարարությունը, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է, և այդ թվաբանության մեջ չեն մտնում Ադրբեջանի երեք անկլավային տարածքները, բայց մտնում է Հայաստանի էքսկլավային Արծվաշենը։
«Եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է՝ ասում ենք, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր չէ, այլ, օրինակ, 29 հազար 755 քառակուսի կիլոմետր է։ Սա նշանակում է անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Ես ինչո՞ւ եմ այս ամեն ինչն ասում՝ արժանանալով ձեր հանդիմանական հայացքներին, քննադատություններին, հերթական դավաճանության և հողատվության մասին ընդդիմության պնդումներին։ Ինչո՞ւ եմ անում, մազոխի՞ստ եմ։ Ոչ, ես դա անում եմ վտանգը ոչ թե կառավարելու այլ, չեզոքացնելու համար, որովհետև ես տեսնում եմ, որ կան ներքին և արտաքին ուժեր, որոնք մտածում են, թե ինչպես փլուզեն հաստատված խաղաղությունը։ Տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որոնց ներվը փորձ է արվում օգտագործել՝ փլուզելու խաղաղությունն ու էսկալացիա մտցնելու համար։ Ես այդ թեմայի ներվը հանում եմ, որպեսզի հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել»,-ասաց ՀՀ վարչապետը։
Նա հավաստիացրեց, որ Ադրբեջանի հետ այս պահին անկլավ-էքսկլավների թեմայով քննարկում չկա, բայց կա ընդհանուր սահմանազատման խնդիր։
Փաշինյանն անդրադարձել է քննադատություններին, թե ինչո՞ւ է Տիգրանաշեն բնակավայրը կոչում ադրբեջանական Քյարքի անունով։
«Եթե մենք այսօր չասենք Քյարքի, նշանակում է, որ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից, որովհետև առաջ է գալիս սկզբունք, ըստ որի՝ ով ինչ գրավել է, արդեն իրենն է։ Դա կոնֆլիկտային սկզբունք է։ Անկլավների ու էքսկլավների թեման վերջինն էր, որի վրա հնարավոր էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, բայց հիմա, երբ այդ ներվն արդեն հանված է, խաղաղսւթյունը փլուզելու ոչ մի տարբերակ չկա»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կա ֆունդամենտալ մի բան. դա Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը վավերացվել է երկու երկրներում, և որի համաձայն՝ պետք է լինեն փոխադարձ ընդունելի զիջումներ։