Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին
2 րոպեի ընթերցում
Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի համար Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլի «Կրայովա»-ի դեմ պատասխան խաղում կարևորը ֆուտբոլիստների հոգեբանական պատրաստվածությունն է:
«Թիմն ունի իր ինքնությունն, ու դա օգնում է «Արարատ-Արմենիա»-ին խաղի ընթացքում: Մեզ համար բարդ էր այն ժամանակ, երբ մրցակիցը բարձր պրեսինգի էր դիմում: Թիմից պահանջել եմ, որ պրեսինգը հաղթահարելու ժամանակ բոլորը լինեն իրենց տեղերում: Նրանց ուժեղ կողմը մենապայքարում հաղթելու ունակությունն է: Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք ու արագ գործենք: Պետք է կարողանանք օգտագործել նրանց սխալները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:
Ըստ մասնագետի` «Արարատ-Արմենիա»-ն պետք է խաղա ջանասիրաբար: Երբեմն նմանատիպ խաղերում կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը, որն իր թիմն ունի:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի ռումինական «Կրայովա»-ին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: