Հայաստան

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

4 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ-ի հետ քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է Գարեգին Բ կաթողիկոսի հետ նստել և քննարկել Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը, եթե վերջինս ընդունի այդ օրակարգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման օրակարգ, ես այս ամբիոնից հանդիսավոր կերպով ասում եմ, որ ես կնստեմ ու իր հետ ամենայն հարգանքով կքնարկեմ այդ օրակարգը։ Ես երբեք չեմ ասել, որ կան մերոնքականներ և կան  ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահել, մյուս մասը չպահել։ Հայ Առաքեալական Եկեղեցու բարեներոգման օրակարգը հստակ ձևակերպված է՝ բարեվարքության կանոններ և այդ կանոնները պահելու հստակ մեխանիզմներ։ Մենք ո՞նց կարող ենք հանդուրժել, երբ մեր սրբության սրբոցն ախտահարված է։ եկեք ամեն ինչ մի կողմ դնենք՝ ուզում եք Վեհափառ ասենք, ուզում եք Գարեգին Բ ասենք, ուզում եք Կտրիճ Ներսիսյան ասենք, այդ ամենից անդին կան փաստեր, որոնց մասին գիտի Հայաստանի Հանրապետության  յուրաքանչյոքւր քաղաքացի և յուրաքանչյուր հավատացյալ»,- ասել է  Փաշինյանը։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի քաղաքացիների 97 տոկոսը վստահում է եկեղեցուն՝ Փաշինյանն ասել է.

«Ընդդիմության ներկայացուցիչն ասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 97 տոկոսը հավատում է եկեղեցուն։ Իհարկե, հավատում է, պրոբլեմը հենց այդտեղ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 97 տոկոսը հավատում է, իսկ եկեղեցու գլուխը չի հավատում Աստծուն ընդհանրապես, ինքը հոգևոր կյանք չունի, ինքը ժխտել է Աստծո հետ իր ուխտը, և այդ ուխտադրժությունը փաթաթված է բոլորիս վզին։ Ես պատրաստ չեմ այդ ուխտադրժության պատասխանատվությունը կրել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում ներառված է նաև Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման օրակարգը։ Նշվում է, որ արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։ Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`

1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:

2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:

3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը: Կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն»,- նշված է Կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում