Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին պետք է վերջ դրվի, որովհետև այդ զենքի կրակոցից էլի ու էլի հայ ժողովուրդն է զոհվելու։

«Ապրիլի 24-ը մեր ապրիլի 24-ն է։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, մենք պետք է խոկանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ու պետք է որոշենք, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի, հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք-պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ և անվտանգ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը, ու մենք երջանիկ ենք, որ ունենք այդ հայրենիքը։

«Մեր անելիքը պետք է լինի այս հայրենիք-պետությունը զարգացնելը ու այն հարատև սերնդեսերունդ փոխանցելը։ Սրա համար, այո, նախ պետք է ապահովել պետության լինելիությունը ու անվտանգությունը։ Սրա համար էլ հարկավոր է նախ սերտել մեր հին ու նոր պատմության դասերը, թե ինչ է լինում, երբ անվտանգության մեր հույսերը կապում ենք ուրիշների հետ»,-նշեց Փաշինյանը։

Հայերեն العربية English Türkçe