Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովում ավարտվել է  ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի թեկնածությունը հաստատելու քվեարկությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։

«ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 96-ը։ Լիանա Մանուկյանի օգտին կողմ է քվեարկել 57, դեմ՝ 39 պատգամավոր»,-ասաց նա։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ընտրած մշտական հանձնաժողովներից երեքում՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Եվրոպական ինտեգրման  և Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները, որոնք առաջադրվել էին առաջին փորձից,  չհավաքեցին բավարար ձայներ։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Հայկ Ֆարմանյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 40 պատգամավոր, դեմ՝ 61 պատգամավոր։ Այդ պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ը երկրորդ փորձից առաջադրել էր Լիանա Մանուկյանի թեկնածությունը։

Հայերեն English Español Русский