ՍԱՏՄ-ն արձագանքել է Հայաստանից ակնկալիքների վերաբերյալ «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը
3 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ արձագանքելով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը, անդրադառնալով Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների մեղմման կամ վերացման հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին, նշել էր, թե Հայաստանից ակնկալում են հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքների, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվության և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների ծրագրի տրամադրում։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտական-օպերատիվ աշխատանքային կապի մեջ է Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ։
Ընթացող կառուցողական երկխոսության շրջանակներում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ հստակեցվում են համատեղ ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունն ու գործողությունների ալգորիթմը, համաձայնեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խստագույն պահպանմանն ուղղված միջոցառումներն ու գործողությունների ժամանակացույցը։
Նկատի ունենալով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, ինչպես նաև հաշվի առնելով գործընթացի շարունակական բնույթը՝ նախնական կամ ընթացիկ մանրամասների հրապարակումն այս փուլում վաղաժամ ենք համարում: Վերջնական հստակեցված արդյունքների և իրականացված միջոցառումների մասին կտեղեկացնենք հավելյալ հայտարարությամբ»,- նշեցին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ռուսաստանը վերջին ամիսներին սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, կաթնամթերքի և այլ արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ վկայակոչելով բուսասանիտարական և անասնաբուժական պահանջների խախտումները։ Հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը ԵԱՏՄ այլ երկրներ։
ՌԴ-ն Հայաստանից ներմուծման սահմանափակումները սկսել էր կիրառել Հայաստանում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Հայաստանից ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանա»փակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության հիմնական սկզբունքներին։