Եվրոպա

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է դեպի ծովափնյա քաղաքներ չվերթերի քանակը մեծացնելու մասին. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է դեպի ծովափնյա քաղաքներ չվերթերի քանակը մեծացնելու մասին. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիան հետևողականորեն աշխատում է դեպի Վառնա և Բուրգաս չվերթերի քանակը մեծացնելու և օդային կապը բարելավելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին գերմանական Fraport Twin Star Airport Management-ի գլխավոր գործադիր տնօրեն Միխայել Ռոյշի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է զբոսաշրջության նախարար Իլին Դիմիտրովը։

«Մեր նպատակն է օգտվել Բուլղարիայի նկատմամբ աճող հետաքրքրությունից՝ Սև ծովի ափ զբոսաշրջային հոսքը մեծացնելու և առաջիկա սեզոններին կայուն աճի պայմաններ ստեղծելու համար», - նշել է նա:

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է եղել 2027 թվականին օդային հաղորդակցության բարելավմանը և գերմանական զբոսաշրջային TUI Group-ի ավագ ղեկավարության՝ Բուլղարիայում կայանալիք հանդիպմանը:

Նախարարը նշել է, որ Զբոսաշրջության նախարարությունն արդեն նամակներ է ուղարկել Corendon և Condor, ինչպես նաև ICC ավիաընկերություններին և սպասում է կոնկրետ հաստատումների նախատեսված չվերթերի վերաբերյալ:

Միխայել Ռոյշը նշել է, որ Fraport-ը պատրաստ է սպասվող լրացուցիչ երթևեկությունը կարգավորել հաջորդ տարի, և վստահություն է հայտնել, որ օդային կարողությունների ավելացումը կարող է լուրջ խթան ապահովել ինչպես Բուրգասի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, բուլղարական զբոսաշրջության համար:

Մինչ այժմ կայացած քննարկումների համաձայն՝ Corendon զբոսաշրջային ավիաընկերությունը նախատեսում է նոր թռիչքներ Քյոլնից, Նյուրնբերգից և Շտուտգարտից դեպի Վառնա և Բուրգաս: Գերմանական Condor ավիաընկերության հետ քննարկումներ են ընթանում Ֆրանկֆուրտից, Նյուրնբերգից և Լայպցիգից դեպի Բուրգաս մոտ 15 500 տեղի վերաբերյալ: ICC-ի առաջարկները նախատեսում են մոտ 250 չվերթ դեպի երկու ափամերձ օդանավակայաններ, որը կազմում է մոտ 50 000 տեղ:

Կողմերը նաև անդրադարձել են նոր երթուղիների համար համատեղ մարքեթինգային աջակցության հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում