ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը
2 րոպեի ընթերցում

Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելն է կանգնած Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և այլևս չօգտագործվող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բարաքն այս թեմայի շուրջ գրառում է կատարել X հարթակում՝ քննադատելով «անտեղի էսկալացիան»։
«Մենք խորապես մտահոգված ենք, որ Աբու ազ-Զուհուրի ավիաբազայի վրա հաստատված իսրայելական ավիահարվածները ավելորդ էսկալացիա են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը», - գրել է Բարաքը։
Նա նշել է, որ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի կառավարությունը պարբերաբար ցույց է տվել, որ նախընտրում է Սիրիայի հետ հարաբերությունների ապաէսկալացումը։ Բարաքը հավելել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ՝ զսպվածությունն ու շփումներն ավելի կառուցողական ուղի են առաջարկում։
«Մենք խրախուսում ենք բոլոր կողմերին առաջնահերթություն տալ տրամաբանական քննարկմանը՝ հետագա ռազմական միջադեպերի փոխարեն», - հավելել է նա։
Ավելի վաղ Syria TV-ն հաղորդել էր, որ անհայտ ինքնաթիռներն օգոստոսի 18-ի առավոտյան չորս ավիահարված են հասցրել Սիրիայի Իդլիբի նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ռազմական օդանավակայանին։ Սիրիական աղբյուրները ենթադրել էին, որ հարվածների համար պատասխանատու է Իսրայելը, սակայն այդ լուրերը դեռ պաշտոնապես չէին հաստատվել։