ԱԺ-ն քննարկում է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածության հարցը
2 րոպեի ընթերցում
Ազգային ժողովը քննարկում է խորհրդարանում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լուսինե Բադալյանի թեկնածության հարցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել է, որ խմբակցությունն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրում է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։
Լուսինե Բադալյանի կենսագրությունը պատգամավորներին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
Լուսինե Բադալյանը իր ելույթում նշել է, որ առողջապահությունը զարգացող և ուժեղ պետություն ունենալու կարևորագույն բաղադրիչներից է, որի բանաձևն է որակյալ ու հասանելի առողջապահությունը և առողջ հասարակությունը։
«Որակյալ և հասանելի առողջապահություն՝ առողջ հասարակություն, առողջ երիտասարդություն, հզոր բանակ։ Որակյալ և հասանելի առողջապահություն՝ հիվանդացության և հաշմանդամության ցածր մակարդակ, նվազ սոցիալական բեռ պետության համար»,- ասել է Բադալյանը՝ շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը խորհրդարանի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։