Հայ գիտնականը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (ISA)-ի Կառավարման խորհրդի ընտրություններում
3 րոպեի ընթերցում
«Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի հիմնադիր տնօրեն, «Ռութլեջի Եվրասիական աշխարհաքաղաքականության հետազոտությունների» գրքերի շարքի հիմնադիր խմբագիր, դոկտոր, դոցենտ Մհեր Սահակյանը նոմինացվել է Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի (International Studies Association, ISA) Կառավարման խորհրդի (Governing Council) At-Large Representative պաշտոնի ընտրություններին մասնակցելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդը։
Աշխարհի տարբեր երկրներից ներկայացված թեկնածությունների քննարկումից հետո ISA-ի առաջադրումների հանձնաժողովը հրապարակել է 2026 թվականի ընտրությունների At-Large Representative պաշտոնի համար հաստատել է ընդամենը յոթ թեկնածուի, որոնց թվում է նաև հայ գիտնական Մհեր Սահակյանը։
Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ թեկնածուներն ընտրվել են՝ հաշվի առնելով նրանց գիտական ձեռքբերումները, մասնագիտական հեղինակությունը, բազմակարծության և գիտական արժեքներին նվիրվածությունը և Միջազգային հետազոտությունների ասոցիացիային մատուցած ծառայությունները։
«Ինձ համար մեծ պատիվ է նոմինացվել Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի Կառավարման խորհրդի անդամի պաշտոնի համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, ընկերներին և բոլոր այն մարդկանց, որոնց աջակցությունն ու վստահությունը կարևոր դեր են ունեցել այս ձեռքբերման գործում»,-ասել է Մհեր Սահակյանը։
ԱՄՆ-ում տեղակայված Միջազգային հետազոտությունների ասոցիացիան (ISA) միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության և հարակից ոլորտների ամենահեղինակավոր ակադեմիական կազմակերպություններից մեկն է։ Ասոցիացիան միավորում է հազարավոր գիտնականների, հետազոտողների և փորձագետների աշխարհի տարբեր երկրներից։
ISA-ի Կառավարման խորհուրդը կազմակերպության գլխավոր ղեկավար մարմինն է, որը մասնակցում է ասոցիացիայի ռազմավարական զարգացման, ակադեմիական քաղաքականության ձևավորման և միջազգային համագործակցության հիմնական ուղղությունների մշակմանը։
Մհեր Սահակյանը միջազգային հարաբերությունների, Չինաստանի արտաքին քաղաքականության, Եվրասիական աշխարհաքաղաքականության ճանաչված մասնագետ է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ և միջազգային ակադեմիական համագործակցության ակտիվ ջատագով։ Նրա վերջին գիրքը՝ Routledge Handbook of China’s Belt and Road Initiative in Eurasia, տպագրվել է Բրիտակա Taylor & Francis-ի կողմից: Որպես այցելու դասախոս դասավանդում է նաև չինական և ֆրանսիական բուհերում: 2024-2025 թվականներին Մհեր Սահակյանը Ֆուլբրայթի ծրագրի շրջանակում որպես այցելու գիտաշխատող հետազոտություն է կատարել Ջոնս Հոփքինսի համալսարանի Առաջատար միջազգային հետազոտությունների դպրոցում (SAIS), իսկ 2020-2022 թվականներին եղել է Հոնկոնգի համալսարանի AsiaGlobal Fellow։