Մերձավոր Արևելք

Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և Թրամփի բանագնաց Քուշները

2 րոպեի ընթերցում

Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և Թրամփի բանագնաց Քուշները

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ և փեսա Ջարեդ Քուշները Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպում է անցկացնում այն բանից հետո, երբ Իսրայելը մերժել է Գազայի հատվածում իրադրության կարգավորման շուրջ Խաղաղության խորհրդի կողմից առաջարկված ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ Երուսաղեմում անցկացվող հանդիպումն ուղղված է ոչ թե ծրագրի տակ Իսրայելի պաշտոնական ստորագրությունն ստանալուն, այլ «դրա առաջխաղացմանը բոլոր հնարավոր կետերով»։ Պարբերականի զրուցակիցը նաև նշել է, որ հանդիպմանը ներկա են նաև Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Եգիպտոսում Քուշների հետ հանդիպման ժամանակ հաստատել են իրենց հանձնառությունը Խաղաղության խորհրդի՝ հուլիսին առաջարկված ծրագրին, որը վերաբերում է Գազայի հատվածի զինաթափմանն ու ապառազմականացմանը։ Դրա հետ մեկտեղ նրանք ընդգծել են, որ կսկսեն ծրագրի պահանջները կատարել միայն այն դեպքում, եթե Նեթանյահուն հրապարակայնորեն հայտարարի ծրագրում շարադրված պայմանները կատարելու պատրաստակամության մասին։

Հուլիսի վերջին Թրամփը հայտարարել էր, որ համաձայնության է եկել Գազայում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ, սակայն Նեթանյահուն հրապարակայնորեն մերժել է Թրամփի ծրագիրը՝ պնդելով, որ ցանկացած կարգավորում պետք է ապահովի խմբավորման լիակատար զինաթափումը։

Ծրագրից հրաժարվելու Իսրայելի որոշումը քննադատության է ենթարկվել մի շարք մերձավորարևելյան երկրների կողմից. Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի, Կատարի, ԱՄԷ-ի և տարածաշրջանի այլ պետությունների ԱԳ նախարարները հրապարակված հայտարարության մեջ կոչ են արել Խաղաղության խորհրդին «անհապաղ և կոնկրետ միջոցներ» ձեռնարկել՝ կանխելու ցանկացած երկրի կողմից Գազայի շուրջ պլանի իրականացման խոչընդոտումը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում