Քուշները ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո ժամանել է Իսրայել՝ Նեթանյահուի հետ բանակցությունների
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց և փեսա Ջարեդ Քուշներն օգոստոսի 17-ին ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպում կունենա վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հանդիպման նպատակն է նպաստել ԱՄՆ-ի կողմից աջակցվող Գազայի խաղաղության ծրագրի իրականացմանը։
Ըստ տեղեկությունների՝ ավելի վաղ Քուշները Կահիրեում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ։
Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայյան ներկա է գտնվել Կահիրեում Քուշների և Գազայի Խաղաղության խորհրդի գլխավոր տնօրեն Նիկոլայ Մլադենովի հետ միջնորդների կազմակերպած որոշ հանդիպումների։
BBC-ի փոխանցմամբ՝ հանդիպումներին նաև մասնակցել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի ներկայացուցիչները։
Եգիպտոսում գտնվելու ընթացքում Քուշները նաև հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Մլադենովը և Բլեյրն օգոստոսի 17-ին նույնպես կհանդիպեն Նեթանյահուի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն առաջ մղելու նպատակով։
Քուշները և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախկինում ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաների հետ հանդիպել էին 2025 թ. հոկտեմբերին՝ նպաստելով համաձայնագրի կնքմանը։
Հուլիսի վերջին Թրամփը հայտարարել էր, որ համաձայնության է եկել Գազայում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ, սակայն Նեթանյահուն հրապարակայնորեն մերժել է Թրամփի ծրագիրը՝ պնդելով, որ ցանկացած կարգավորում պետք է ապահովի խմբավորման լիակատար զինաթափումը։