ԱՄՆ-ն իր զինվորականների դուրսբերումն Իրաքից կավարտի մինչև սեպտեմբերի 30-ը
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինված ուժերը նախատեսում են մինչև սեպտեմբերի վերջ ամբողջությամբ դուրս բերել իրենց զորքերը Իրաքից: Դա կդառնա Սադամ Հուսեյնի դեմ պայքարի շրջանակում 2003 թվականի ներխուժմամբ սկսված՝ Իրաքում ամերիկյան ռազմական ներկայության ավարտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Associated Press-ը։
Վաշինգտոնն ու Բաղդադը 2024 թվականին համաձայնության էին եկել աստիճանաբար դադարեցնելու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական գործողությունները։
ԱՄՆ զինծառայողները նախորդ տարի դուրս էին եկել Իրաքի տարածքի մեծ մասում գտնվող ռազմակայաններից, սակայն ներկայություն էին պահպանել կիսաինքնավար հյուսիսային քրդական շրջանում։ Այնտեղ գտնվող ռազմակայանները պարբերաբար հարձակման են ենթարկվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։
Իրաքի վարչապետ Ալի ալ-Զաիդին օգոստոսի 12-ին հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը ղեկավարող ծովակալ Բրեդ Կուպերի հետ։ Հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ ալ-Զաիդին նշել է, որ վերահաստատել է սեպտեմբերի 30-ը որպես «Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի ռազմական առաքելության ավարտի և դրա ուժերի դուրսբերման վերջնական և անփոփոխ ամսաթիվ»։
ԱՄՆ պաշտոնյան, ով AP-ի հետ խոսել է անոնիմության սկզբունքով, հաստատել է, որ Վաշինգտոնը նախատեսում է զորքերի դուրսբերումն ավարտել մինչև սեպտեմբերի 30-ը, սակայն հրաժարվել է հայտնել, թե ներկայում քանի ամերիկացի զինծառայող է մնում Իրաքում կամ որտեղ են նրանք վերաբաշխվելու։
«Միացյալ Նահանգները, Իրաքը և կոալիցիայի գործընկերները հսկայական հաջողությունների են հասել ԻՊ-ին պարտության մատնելու գործում, և այժմ Իրաքի անվտանգության ուժերը, այդ թվում՝ փեշմերգան և Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի անվտանգության մյուս ուժերը, կղեկավարեն Իրաքում ահաբեկիչների դեմ պայքարը», - ասել է պաշտոնյան։
Իրաքի քրդական իշխանությունների երկու պաշտոնյաներ հայտնել են, որ Էրբիլից ԱՄՆ զինծառայողների և ռազմական տեխնիկայի դուրսբերումը սկսվել է մոտ երեք շաբաթ առաջ։
ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն Իրաքում իր գագաթնակետին հասել էր 2007 թվականին, երբ այնտեղ տեղակայված էր ավելի քան 170,000 զինծառայող։ 2011 թվականի դեկտեմբերին վերջին մարտական ստորաբաժանումները լքեցին երկիրը։ Սակայն 2014 թվականին ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման վերելքի ու Իրաքի և Սիրիայի տարածքների զգալի հատվածի գրավման պատճառով ամերիկյան ուժերը վերադարձան։
Այն բանից հետո, երբ ԻՊ-ն կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, կոալիցիայի ռազմական գործողություններն 2021 թվականին ավարտվեցին։ ԱՄՆ-ը Իրաքում պահպանեց շուրջ 2,500 զինծառայող՝ իրաքյան բանակի հետ համատեղ ուսուցում անցկացնելու և ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու նպատակով։