Քաղաքացիական ու վարչական գործերով դատական նիստերն առցանց անցկացնելու նախագիծ կդրվի քննարկման
2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Դադունցն անդրադարձել է քաղաքացիական և վարչական գործերով դատական նիստերը առցանց անցկացնելու նախաձեռնությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դադունցը նախագծի վերաբերյալ մանրամասները ներկայացրել է Արդարադատության նախարարության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսանյութում։
«Մշակում ենք նախագիծ, որով առաջարկելու ենք էլեկտրոնային եղանակով վարվող քաղաքացիական և վարչական գործերով առայժմ նախնական դատական նիստերն անցկացնել առցանց՝ տեսակապի միջոցով։ Սա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին և փաստաբաններին առանց ֆիզիկապես դատարան ներկայանալու մասնակցել դատավարությանը, ինչը ժամանակ և ռեսուրսներ կխնայի թե՛ դատարանի, թե՛ կողմերի համար»,-ասել է նա։
Դադունցի խոսքով՝ քաղաքացիական և վարչական գործերով արդեն իսկ գործում է էլեկտրոնային դատավարության համակարգ, և նախագծով հնարավորություն կտրվի այդ համակարգ մուտք գործելու և նույնականացվելու միջոցով առցանց եղանակով մասնակցել դատավարությանը։
«Կնախատեսենք կանոններ, որպեսզի դատավարությունը պատշաճ իրականացվի, օրինակ, տեսախցիկը միացված պահելու, միմյանց չխանգարելու, լսելու, ապացույցները ճիշտ ներկայացնելու և հետազոտելու վերաբերյալ։ Իհարկե, այս նախագիծը կպահանջի նաև լուրջ տեխնիկական հագեցվածություն և ռեսուրսներ, որին կփորձենք հասնել ժամանակի ընթացքում»,– հավելել է նա։