Կոլումբիայի կառավարությունը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ
2 րոպեի ընթերցում
Կոլումբիան դարձել է երկրորդ երկիրն ԱՄՆ-ից հետո, որը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանության պահանջն օկուպացված սիրիական Գոլանի բարձունքների նկատմամբ՝ ծայրահեղ աջակողմյան նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի իշխանության գալուց մի քանի օր անց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կոլումբիայի կառավարությունը հայտարարություն է հրապարակել X-ում։
«Կոլումբիայի կառավարությունը ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, ինչպես նաև այդ պետության իրավունքը՝ պաշտպանվելու արտաքին սպառնալիքներից։ Կոլումբիան ընդունում է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի վերահսկողության և ինքնիշխանության պահպանումն իր ազգային պաշտպանության կարևոր բաղադրիչն է», - նշված է հայտարարության մեջ։
Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհակալություն է հայտնել իր «լավ ընկերոջը»՝ դե լա Էսպրիելյային, «պատմական» ճանաչման համար։
Նա նշել է, որ իրենք այդ քայլի շուրջ համաձայնության են եկել կոլումբիական Բարանկիլյա քաղաքում, դե լա Էսպրիելյայի երդմնակալությունից մեկ օր առաջ։
Կոլումբիայի նոր նախագահ դե լա Էսպրիելյան քարոզարշավի ընթացքում խոստացել է սերտ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ՝ որպես իր երկրում զինված խմբավորումների դեմ պայքարի միջոց։
Իսրայելը Գոլանի բարձունքների մեծ մասը Սիրիայից գրավել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ, իսկ 1981 թվականին տարածքն անեքսիայի է ենթարկել։ Քայլը մերժվել է միջազգային հանրության մեծ մասի կողմից։ Չնայած դրան՝ ԱՄՆ-ն 2019 թվականին՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, պաշտոնապես ճանաչել է Իսրայելի պահանջը Գոլանի բարձունքների նկատմամբ։
ՄԱԿ-ը ճանաչում է տարածաշրջանը որպես Սիրիայի մաս, իսկ հուլիսին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հաստատել է այդ դիրքորոշումը՝ Իսրայելի օկուպացիան որակելով «լիովին անընդունելի»։